02:38:26 1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Խաղաղության խաչմերուկը» բխում է հայ և իրանցի ժողովուրդների շահերից. Վահան Կոստանյանի հոդվածը «Irna» լրատվականում

    16:03 9 Դեկտեմբեր 2023

    Դեկտեմբերի 9-ին իրանական «Irna» լրատվական կայքէջում հրապարակվել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հոդվածը, որը ՀՀ ԱԳՆ հրապարակել է իր պաշտոնական կայքէջում․

     

     

    «Արևելքը արևմուտքին, հյուսիսը հարավին կապող մեծ խաչմերուկի կարևոր մասը հանդիսացող մեր տարածաշրջանը պատմության տարբեր շրջափուլերում եղել է կամուրջ՝ միմյանց կապելով աշխարհի բազմաթիվ անկյուններ: Աշխարհագրական յուրահատուկ դիրքի՝ պարգև հանդիսացող այդ մեծ ներուժը հաճախ հնարավոր չի եղել կյանքի կոչել խաղաղության բացակայության և տևական հակամարտությունների ու բախումների պատճառով:

    Գիտակցելով, որ աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում յուրաքանչյուր փակ ճանապարհը, արգելափակված յուրաքանչյուր կապուղին, գոյություն ունեցող, բայց այդպես էլ չիրացվող ամեն մի ռեսուրսն աններելի շռայլություն է, և առաջնորդվելով Հարավային Կովկասում տևական և կայուն խաղաղություն հաստատելու մղումով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը մշակել է «Խաղաղության խաչմերուկ» կոչվող նախագիծը, որը նպատակ ունի ոչ միայն ապահովել մեր տարածաշրջանում ապրող ժողովուրդների բարեկեցությունն ու շարունակական զարգացումը, այլև ստեղծել պայմաններ, որտեղ թշնամանքն ու պատերազմը, հակամարտությունն ու այլատյացությունը չեն ունենա գոյության համար անհրաժեշտ կենսապայմաններ, որտեղ խաղաղությունն ավելի շահեկան ու շահութաբեր է, քան անկայունությունը: Այս նախագիծը միտված է նաև կյանքի կոչել տարածաշրջանային տարաբնույթ նախագծեր, որոնք կնպաստեն նոր իրականության հաստատմանը Հարավային Կովկասում՝ բաց սահմաններով, տնտեսական, քաղաքական, մշակութային, մարդկային ակտիվ կապերով, բոլոր հարցերը երկխոսությամբ ու փոխհամաձայնությամբ լուծելու փորձով ու ավանդույթով:

    «Խաղաղության խաչմերուկի» գործարկումը հնարավորություններ կստեղծի կյանքի կոչել տնտեսական մեծ ներուժ ունեցող Պարսից ծոցը և Օմանի ծոցը Սև ծովին կապող միջազգային տարանցիկ ուղիները և «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքը: Դրան զուգահեռ նոր պայմաններ կստեղծվեն Մեղրիի երկաթուղին վերականգնելու համար, որը ևս մեկ լրացուցիչ կապ կդառնա Հայաստանի և Իրանի միջև: Վերականգնվող այդ երկաթգիծը կկապի ոչ միայն Ադրբեջանը և Հայաստանը, Ադրբեջանի հարավ-արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, այլև որակապես նոր հաղորդակցություն կապահովի Հայաստանի հարավային և հյուսիս-արևմտյան շրջանների միջև: Չպետք է թերագնահատել նաև Գյումրի-Կարս երկաթգիծը, որը առևտրատնտեսական բոլորովին նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի, Իրանի, Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի համար:

    «Խաղաղության խաչմերուկը» կյանքի կոչելու համար մենք առաջարկում ենք ստորև թվարկված չորս պարզ սկզբունքները, որոնք կերաշխավորեն հավակնոտ այդ նախագծի կենսունակությունը.

    ▪️Բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ ավտոճանապարհները, երկաթուղիները, ավիաուղիները, խողովակաշարերը, մալուխները, էլեկտրահաղորդման գծերը գործում են այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են:

    ▪️Յուրաքանչյուր երկիր իր տարածքում իր պետական ինստիտուտների միջոցով իրականացնում է սահմանային և մաքսային հսկողություն, ինչպես նաև ապահովում է ենթակառուցվածքների, ներառյալ դրանցով բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անցման անվտանգությունը:

    ▪️Նշված ենթակառուցվածքները կարող են օգտագործվել ինչպես միջազգային, այնպես էլ ներքին փոխադրումների համար:

    ▪️Բոլոր երկրները միմյանց ենթակառուցվածքներից օգտվում են հավասարության և փոխադարձության սկզբունքով: Հավասարության և փոխադարձության սկզբունքով կարող են իրականացվել սահմանային և մաքսային հսկողության ընթացակարգերի որոշակի պարզեցումներ:»

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս