05:58:22 19°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Վարդենիսի և Գեղամասարի միավորման որոշումը չհաշվարկված է, կարող է նոր անկայունության պատճառ դառնալ տարածաշրջանում. Սոթքի բնակիչ

    20:18 14 Սեպտեմբեր 2021

    «Նոր Վարչատարածքային բաժանման մասին օրենքով ստեղծվում է Վարդենիս համայնքը. Արդյունքում կձևավորվի մի տեղական ինքնակառավարման մարմին, որն ավելի հնազանդ կլինի նոր իշխանություններին»,- Սոթքի բնակիչ Սևակ խաչատրյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է կառավարության աղմկահարույց ծրագրին, որով Գեղարքունիքի Գեղամասար համայնքը կմիավորվի Վարդենիսի հետ։

    Բնակչի պնդմամբ, որոշումը չհաշվարկված է և կարող է նոր անկայունության պատճառ դառնալ տարածաշրջանում, որի պատասխանատվությունը կրելու են անհեռատես որոշումներ ընդունող իշխանությունները:

    Խաչատրյանը հիշեցրել է, որ 2017թ.-ի հունիսի 7-ին Վարդենիսի տարածաշրջանի 18 գյուղերի բնակիչներ փակել էին Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը՝ այդպիսով ցանկանալով իրենց բողոքի ձայնը հասցնել ՀՀ կառավարությանը՝ փոփոխություն կատարելու «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում: Բնակիչները պնդում էին, որ բաժանում կատարելիս հաշվի չէին առնվել տարածաշրջանի առանձնահատկությունները:

    «1988թ.-ին Ադրբեջանից բռնագաղթված հայ ազգաբնակչության մի մասը հաստատվեց Վարդենիսի տարածաշրջանում, նրանք տեղացիներից տարբերվում են իրենց սովորույթներով, և նրանց մոտ 70%-ը չդիմանալով բնակլիմայական նոր պայմաններին և տեղացիների հետ հակասություններին՝ արտագաղթում էին երկրից: Սակայն հատկապես վերջին տարիներին նրանք համակերպվելով ճակատագրին սկսել էին չարտագաղթել և իրենց կյանքը կապել հայրենիքի հետ: Սակայն այդ բաժանման դեպքում իրենք չէին կարողանա կազմել մեծամասնություն և ձևավորել իրենց համար ընդունելի ղեկավարություն»։

    Բնակիչները պահանջում էին, որ այն գյուղերը, որոնցում մեծամասնությունը կազմում են Ադրբեջանից փախստական դարձած մարդիկ՝ խոշորացման արդյունքում լինեն միասին, կառավարվեն իրենց սովորույթներին և ավանդույթներին ներսից ծանոթ մարդու կողմից: Այդպիսով կպահպանվի նաև նրանց ազգագրական կերպարը: Նախկին իշխանությունները, ոլորտի պատասխանատուներն ու պարզապես բանական մարդիկ հասկացան, որ նորմալ է պատմաաշխարհագրական տարբեր շրջանների պատկանող բնակչության ազգային առանձնահատկությունները հաշվի առնելով՝ առանձին համայնքի ձևավորումը և Վարդենիսի տարածաշրջանի 18 գյուղեր միավորվեցին 1՝ Գեղամասար համայնքի մեջ:

    «Դժվար է հստակ ասել արդյոք ներկայիս իշխանությունները տեղյակ չե՞ն, որ կա ազգագրության գիտություն, թե՞ իրենց դեմ արտահայտվող ևս մեկ համայնքապետից են ուզում ազատվել (Գեղամասար համայնքի ղեկավարը վերջին ԱԺ ընտրությունների ժամանակ չպաշտպանեց ներկայիս իշխանություններին), սակայն հստակ է մի բան, նոր Վարչատարածքային բաժանման մասին օրենքով, մի կողմ դնելով բոլոր ազգագրական առանձնահատկությունները, առանց հարցնելու ժողովրդի կարծիքը՝ ստեղծվում է Վարդենիս համայնքը, որը իրենից ոչ թե շրջանային մոդել է ներկայացնելու այլ փնջային, քանի որ Ծափաթաղ բնակավայրը ընդգրկված չէ ապագա Վարդենիս համայնքում: Արդյունքում կձևավորվի մի տեղական ինքնակառավարման մարմին, որը ավելի հնազանդ կլինի նոր իշխանություններին: Փաստորեն այս չհաշվարկված որոշումը կարող է նոր անկայունության պատճառ դառնալ տարածաշրջանում, որի պատասխանատվությունը կրելու են անհեռատես որոշումներ ընդունող իշխանությունները»,- գրել է Խաչատրյանը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս