15:55:05 4°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի նախագահին և Պետական խորհրդի նախագահին չինական Նոր տարվա առիթով

    13:17 29 Հունվար 2025

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և Պետական խորհրդի նախագահ Լի Ցյանին՝ չինական Նոր տարվա առիթով:

    Սի Ծինփինին ուղղված ուղերձում նշված է.

    «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի կապակցությամբ: Մաղթում եմ, որ բնության զարթոնքը խորհրդանշող այս տոնն առողջություն, երջանկություն և առաջադիմություն բերի բարեկամ չին ժողովրդի բոլոր ընտանիքներին։

    Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև հարաբերությունները ձևավորվել են պատմության խորքից եկող բարեկամական կապերի հիման վրա: Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում մեծապես կարևորում եմ Չինաստանի հետ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը՝ հիմնված հավասարու­թյան, փոխադարձ վստահության և հարգանքի վրա:

    Լիահույս եմ, որ առաջիկայում հնարավորություն կընձեռվի համատեղ ջանքերով էլ ավելի ընդլայնել մեր երկու երկրների միջև ձևավորված բազմաբնույթ համագործակցությունը՝ երկկողմ հարաբերությունները բարձրացնելով որակապես նոր մակարդակի վրա: Այս համատեքստում կարևորում եմ նաև Չինաստանի նախագահության ներքո Հայաստանի և Շանհայի համագործակցության կազմակերպու­թյան միջև փոխգործակցության ամրապնդումը: 

    Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և բարեկեցություն, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։

    Լի Ցյանին ուղղված ուղերձում ասված է.

    «Չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի կապակցությամբ իմ ջերմագին շնորհավորանքներն ու մաղթանքներն եմ հղում Ձեզ և բարեկամ չին ժողովրդին: Մաղթում եմ, որ գալիք տարին Չինաստանի համար լինի ներդաշնակության և բարգավաճման տարի:

    Մեծապես կարևորելով Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ և բազմակողմ մակարդակներում ձևավորված բարեկամական հարաբերությունների զարգացման դինամիկան՝ իմ պատրաստակամությունն եմ հայտնում այսուհետ ևս առավելագույն ջանքեր ներդնել դրանք որակապես նոր մակարդակի վրա բարձրացնելու ուղղությամբ:

    Հավատացած եմ, որ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային նախաձեռնություններում առկա ակտիվ համագործակցու­թյունը, բարձրաստիճան փոխայցելությունները, ինչպես նաև փոխգործակցությունը բազմակողմ հարթակներում, այդ թվում նաև՝ Շանհայի համագործակցության կազմակերպությունում, կնպաստեն վերոնշյալ նպատակների իրականացմանը»:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս