10:55:43 17°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Առաջարկվում է ԱՊՊԱ ոլորտում պատահարները գրանցել նաև ճանապարհների տեսախցիկների օգնությամբ

    13:21 18 Սեպտեմբեր 2024

    Երևանում ավտովթարներով պայմանավորված խցանումների կրճատմանը նպաստելու համար Ավտոապահովագրողների բյուրոն քննարկում է մի քանի առաջարկներ։ Արդեն իսկ կատարվել է փոփոխություն՝ թարմացնելով եղած գործիքակազմերից մեկը։ Այն է, ավտոպատահարների դեպքում վարորդների միջև համաձայնեցված հայտարարագրերը բջջային հավելվածով (ASWA) լրացվելու պարագայում փոխհատուցվող գումարի չափը 200 հազարից դարձել է 400 հազար դրամ։

    «Եթե տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որտեղ մասնակից է 2 ավտոմեքենա ու վարորդներից մեկն ընդունում է իր մեղավորությունը, և չկան մարմնական վնասվածքներ, այդ դեպքում իրենք պայմանավորվում են պատահարը գրանցել համաձայնեցված հայտարարագրով։ Ոչ մեկին պետք չի զանգել, ոչ մեկին պետք չի հրավիրել, հավելվածի միջոցով տվյալները լրացվում են, վերջում հաստատվում է ու վերջ։ Արդեն վարորդներն անելիք չունեն, մնում է  ապահովագրական ընկերությունների գործը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանը։ 

    Ավտոապահովագրողների բյուրոն նման քայլի գնաց՝ ակնկալելով, որ վթարից հետո տեղում համաձայնության եկող ու մեքենաները ճանապարհներից շուտ դուրս բերող վարորդների թիվը կմեծանա։ Որքանո՞վ էին վարորդներն օգտվում այս գործիքակազմից, երբ փոխհատուցվող գումարի չափը 200 հազար դրամ էր։

    «Ընդհանուր ծավալում մինչև 200 հազար դրամ փոխհատուցումների տեսակարար կշիռը մոտ 70 տոկոս է։ Դրա մոտ կեսը համաձայնեցված հայտարարագրով են գրանցել վթարները։ Այսինքն՝ առանց ոստիկան հրավիրելու։ Հիմա այն պատահարները, որոնց դեպքում վնասի չափը 200 հազարից 400 հազար դրամի շրջանակում է, ընդհանուր ծավալում, կազմում են 15 տոկոս։ Մենք ակնկալում ենք, որ դրա մինչև 5 տոկոսի չափով կօգտվեն այս նոր գործիքակազմից, ինչն էլ իր հերթին կնպաստի, որ ավելի մեծ թվով վթարների դեպքում մեքենաները շուտ դուրս բերվեն ճանապարհից»,-ասաց բյուրոյի գործադիր տնօրենը։ 

    Հասկանալի է, որ այս գործիքակազմն առաջարկվող լուծումներից մեկն է։ Քննարկվում են նոր առաջարկներ ու տարբերակներ վթարի ենթարկված ավտոմեքենաները հնարավորինս շուտ ճանապարհներից դուրս բերելու համար։ Առաջարկներ կան այն մասին, որ պատահարները վարորդների կողմից հնարավոր լինի գրանցել հատուկ հավելվածների միջոցով։ Մեկ այլ տարբերակ կա՝ կապված անօդաչու թռչող սարքերի հետ, առաջարկվում է նաև կիրառել ճանապարհներին տեղադրված տեսախցիկները։ 

    «Առաջարկվող տարբերակներից մեկը հետևյալն է. օրինակ, եթե պատահար է տեղի ունեցել, վարորդները կզանգահարեն ոստիկանություն, այնտեղ կտեսնեն, եթե տեսանկարահանող սարքը պատահարը գրանցել է ամբողջությամբ, ապա վարորդները կկարողանան մեքենաները դուրս բերել ճանապարհից ու սպասել ոստիկաններին»,-ասաց  Վաղինակ Եղիազարյանը։ 

    Դա իհարկե, բավական կնպաստի խցանումների կրճատմանը, սակայն պետք է դիտարկվի, թե արդյոք տեսախցիկները կատարում են բավարար որակի ու ընդգրկվածությամբ նկարահանում։ Մասնագետը նշեց, որ այստեղ որակը լավացնելու ուղղությամբ բավական աշխատանք կա կատարելու։ Տարբերակները շատ են, ամեն դեպքում, ըստ մասնագետի, միջազգային փորձը ցույց է տալիս, որ վնասի չափը գնահատելու հարցում տեսանկարահանող սարքերի կիրառումը նկատելի արդյունք է տալիս։ 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս