12:54:29 17°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Եգիպտոսի օդանավակայաններում կգործի tax free համակարգ օտարերկրյա զբոսաշրջիկների համար

    00:45 20 Սեպտեմբեր 2022

    Եգիպտոսը մտադիր է արագացնել նոր tax free համակարգի գործարկումը, փոխանցում է РИА Новости գործակալությունը։ ԱԱՀ-ի վերադարձը զբոսաշրջիկներին կիրականացվի ստանդարտ միջազգային սխեմայի համաձայն՝ նախքան երկրից մեկնելը գումարը կվերադարձվի անմիջապես հատուկ կրպակներ դիմելու դեպքում։ Նման կետեր նախատեսվում է բացել միջազգային օդանավակայաններում, առաջինը՝ Շարմ էլ Շեյխում։

    Փորձագետները կարծում են, որ փորձնական նախագիծը կարող է սկսել աշխատել արդեն նոյեմբերին, երբ հանգստավայրում տեղի կունենա կլիմայի միջազգային համաժողովը։

    Գումարի վերադարձ հնարավոր կլինի 1500 եգիպտական ֆունտը կամ շուրջ 30 000 հայկական դրամը գերազանցող գնումների դեպքում։

    Այնուամենայնիվ, ըստ ռուս տուրօպերատորների, tax free համակարգը հազիվ թե մեծ պահանջարկ ունենա ռուսների շրջանում, քանի որ հուշանվերները՝ Եգիպտոսում հանգստացողների հիմնական գնումները, շատ ավելի էժան են: Բացի այդ, կրպակներում կտրոններ հազվադեպ են տրվում, իսկ պետական խանութներում գորգերի, պապիրուսների, նարգիլեների, ոսկերչական իրերի և այլ ձեռագործ իրերի ինքնարժեքն ավելի բարձր է, քան մասնավորներում։

    Ամենայն հավանականությամբ, ԱԱՀ-ի վերադարձը պահանջարկ կունենա Կահիրե կամ Ալեքսանդրիա մեկնողների մոտ, որտեղ կան մեծ առևտրի կենտրոններ և բրենդային խանութներ:

    Այժմ Եգիպտոսում օտարերկրացինները հնարավորություն ունեն վերադարձնել գնումների ԱԱՀ-ն, սակայն այդ ընթացակարգը չափազանց բարդ է և երկար, և զբոսաշրջիկները չեն օգտվում դրանից։

    Այսպիսով, 14 տոկոսի չափով ԱԱՀ-ի վերադարձի համար ոչ ռեզիդենտը պետք է դիմում ներկայացնի Եգիպտոսի հարկային մարմնին գնումից հետո երկու ամսվա ընթացքում: Անհրաժեշտ է պաշտոնյաներին փոխանցել գնման համար վճարված հաշիվը՝ հարկի գումարով, նշել հարկային նույնականացման համարը, վճարման ռեկվիզիտները: Եգիպտոսի հարկային համակարգն ավտոմատ կերպով նամակ է ուղարկում դիմողին, երբ դիմումը դիտարկվում է: Հարցումների մշակումը տևում է մինչև 45 օր:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս