08:50:44 5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մարդիկ պետք է իմանան, թե ինչ չափանիշներով են ընտրվում առաջնահերթ լուծման ենթակա խնդիրները. Ռուբեն Վարդանյանը հանդիպումներ է ունեցել Մարտունիում

    17:45 22 Նոյեմբեր 2022

    Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր այցելել է Մարտունի, աշխատանքային խորհրդակցություն անցկացրել շրջանի վարչակազմում,  ծանոթացել առաջնային նշանակության խնդիրներին: Խոհրդակցությանը մասնակցել են նաև ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը և քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը:

    Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանն ամենակարևոր խնդիրների շարքում նշել է բնակարանային  ապահովվածության հարցը, որը հատկապես սրվել է  44- օրյա պատերազմից հետո, ինչպես նաև ենթակառուցվածքների, մասնավորապես՝ դպրոցների նորոգման հարցը:

    Ռուբեն Վարդանյանը հետաքրքրվել է բնակարանաշինական ծրագրերով  և բնակարանային կարիքների բավարարման ընթացքով: Նա հատկապես ընդգծել է հերթագրման համակարգի թափանցիկության և արդարության սկզբունքների պահպանման կարևորությունը:

    Խորհրդակցությունից հետո  պետնախարարը հանդիպել է Մարտունու շրջանի համայնքների ղեկավարների,  վարչակազմի ներկայացուցիչների, հիմնարկ-ձեռնարկությունների  ղեկավարների հետ:

    «Մարտունու շրջանը զգացել է պատերազմի ողջ ծանրությունը,  բայց դուք կարողացել եք մեր հայրենիքը պաշտպանել: Հիմա կյանքը շարունակվում է, Մարտունի քաղաքը վերականգնվում է, ու դա ամենամեծ նվաճումն է,- նշել է պետնախարար:- Ես սկսել եմ այս աշխատանքային հանդիպումները, որովհետև ուզում եմ ձեզ հետ կապ ստեղծել, հասկանալ խնդիրները, տեսնել, թե  ինչպես  եք  դուք այստեղ պատկերացնում դրանց  լուծումները, որպեսզի որոշումները լինեն հիմնավորված ու արդյունավետ»:

    Ռուբեն Վարդանյանը լսել է համայնքների ղեկավարների  կողմից բարձրացված  խնդիրները,  որոնք վերաբերել են,  մասնավորապես,  ճանապարհաշինությանը,  գյուղտեխնիկայով ապահովվածությանը,  բնակիչների կենսապահովման համար գյուղերում անհրաժեշտ պայմանների ստեղծմանը: 

    Պետնախարարը պատրաստակամություն է հայտնել  համայնքներին վերաբերող որոշումների կայացման գործընթացին մասնակից դարձնել հենց համայնքապետերին, լսել նրանց կարծիքներն ու մոտեցումները: «Որոշումները պետք է լինեն հիմնավորված, իսկ դրանց  կայացման ընթացակարգերը՝ թափանցիկ: Մարդիկ պետք է իմանան, թե ինչ չափանիշներով են ընտրվում առաջնահերթ լուծման ենթակա խնդիրները»,- ընդգծել է Ռ. Վարդանյանը:

    Նա տեղեկացրել է, որ  բարձրացված հարցերն  ուսումնասիրվելու են,  քննարկվելու են դրանց լուծման հնարավորությունները:

    Այցի շրջանակում Ռուբեն Վարդանյանը եղել է Մարտունի քաղաքի արհեստագործական ուսումնարանում, ծանոթացել պայմաններին, ուսումնական գործընթացին,  տնօրեն  Արտակ Սարգսյանի հետ  քննարկել զարգացման հեռանկարները:

    Պետնախարարը  ծանոթացել է նաև Մարտունի քաղաքում իրականացվող պետական  բնակարանաշինական ծրագրի ընթացքին, այցելել շինարարական հրապարակ:

    Ռուբեն Վարդանյանը նաև հարգանքի տուրք է մատուցել Արցախի հերոս և Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի  հիշատակին, ծաղիկներ խոնարհել նրա հուշարձանին:

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս