09:05:25 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ռուբեն Վարդանյանը կապ է հաստատել ընտանիքի հետ ու ասել, որ լավ վիճակում է

    16:52 12 Հոկտեմբեր 2023

    Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, որն առևանգվել է Ադրբեջանի կողմից, կապ է հաստատել ընտանիքի հետ, ասել, որ լավ վիճակում է:

    NEWS.am-ի թղթակիցը զրուցել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի որդու հետ։

    -Դուք տեղեկություն ունե՞ք Ռուբեն Վարդանյանի մասին։ Կարողացա՞ք կապ հաստատել նրա հետ։

    -Այո՛, երեկ և անցած երեքշաբթի նա զանգել է մայրիկիս, ես ներկա չեմ եղել։ Ինչքան հասկացա՝ զանգը շատ կարճ է եղել։ Նա ասաց, որ լավ վիճակում է: Այլ մանրամասներ չեն քննարկել։ Նա ասաց, որ կարոտում է: Մենք  էլ նրան ենք կարոտում:

    -Նա չի խնդրե՞լ ինչ-որ բան փոխանցել:

    -Որքան գիտեմ՝ ոչ։ Պարզապես խնդրեց, որ հոգ տանենք բոլոր նրանց մասին, որոնք ներկայումս տուժում են այս ամբողջ իրավիճակից:

    -Նրան այցելե՞լ են Միջազգային Կարմիր Խաչի ներկայացուցիչները։

    -Ես նման տեղեկություն չունեմ, բայց գիտեմ, որ ներկայացուցիչները (ԿԽՄԿ-խմբ.) կապվել են մորս հետ և ասել, որ ցանկանում են կապ հաստատել նաև հորս և այլ գերիների հետ։

    - Հիմա դուք աշխատում եք կազմակերպել միայն Ռուբեն Վարդանյանի՞ վերադարձը, թե՞ նաեւ այլ գերիների:

    -Հայաստան պետությունը նաև հայց է ներկայացրել միջազգային ատյաններ ոչ միայն հորս, այլև Ադրբեջանի կողմից տարված բոլոր գերիներին ազատ արձակելու համար։ Հոկտեմբերի 12-ին Հաագայում դատավարություն է լինելու նրանց հնարավոր ազատ արձակման վերաբերյալ։ Մենք մեծ հույս ունենք, որ այս գործընթացը հաջող ավարտ կունենա: Իհարկե, մենք նաև քայլեր ենք ձեռնարկում հորս ազատելու համար, բայց այս մասին դեռ վաղ է խոսել։

    - Տեղեկություններ կային, որ ընտանիքն ունի իր փաստաբանը։ Ո՞վ է նա և ինչպե՞ս կարողացաք ներգրավել այս փաստաբանին։

    -Այո, դա ճիշտ է: Հասարակական կազմակերպություններից մեզ փոխանցված կոնտակտների, ինչպես նաև ծանոթների միջոցով մենք կարողացանք կապ հաստատել տեղացի փաստաբանի հետ, որին վարձել էինք հորս շահերը ներկայացնելու համար: Այս փաստաբանն այժմ ներկայացնում է մեր շահերը Ադրբեջանում։

    - Ադրբեջանը չի ենթարկվում միջազգային դատարանների որոշումներին: Ի՞նչ երաշխիք կա, որ օրինական ճանապարհով հնարավոր կլինի հասնել Ռուբեն Վարդանյանի ազատ արձակմանը։

    -Ես, ինչպես շատ ուրիշներ, կարծում եմ, որ մարդկային արժեքները և օրենքը, բոլոր դեպքերում գործում են, և որ Արդարադատության միջազգային դատարանը դեռևս ազդեցություն ունի։ Ես գիտեմ, որ նախկինում խնդիրներ են եղել Արդարադատության միջազգային դատարանի որոշումների իրականացման հետ կապված, բայց ես իսկապես հավատում եմ այս հաստատություններին և հուսով եմ, որ այս գործընթացը կօգնի ազատել հորս:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ