06:01:29 4°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Որպեսզի դրսում ռևանշի շանս ունենանք, ներսում Փաշինյանի իշխանազրկումը չպետք է ռևանշ դիտվի․ Արմեն Աշոտյան

    18:10 11 Նոյեմբեր 2023

    PostNikol. Ի՞նչ անել ազգ մնալու համար (մաս 12-րդ)

    Երեք տարի առաջ այս օրերին հայկական քաղաքական լեքսիկոնում փաշինյանական և ադրբեջանական միացյալ ջանքերով տեղ գտան «ռևանշ», «ռևանշիստներ» տերմինները, որոնք երկու դեպքում էլ վերաբերում են նախկին իշխանություններին՝ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին և իրենց քաղաքական թիմերին:

    Եթե ներհայաստանյան դիսկուրսում «ռևանշիստ» հասկացությունն իշխանական մեդիա և վերլուծական շրջանակները ներկայացնում են՝ որպես «նախկինների վերադարձ», ապա ալիևյան քարոզչությունը «ռևանշ» հասկացության մեջ դնում է Հայաստանի և Արցախի դիրքերի ամրապնդման, կորցրածը վերադարձնելու իմաստ: Սակայն թե փաշինյանական, թե ադրբեջանական խոսույթում այն ստանում է բացահայտ բացասական երանգավորումներ:

    Փորձենք հասկանալ իրականում, թե որքանով է «ռևանշ» հասկացությունը վերաբերելի իրականությանը՝ թե ներքաղաքական, թե հայ-ադրբեջանական հարթություններում, ինչի համար ստիպված եմ լինելու դիմել մի շարք այլ օտարահունչ եզրույթների:

    Սկսենք ներքինից: Ի սկզբանե ակնհայտ էր, որ հավաքական նախկինները Հայաստանի ներքաղաքական կյանքում օրակարգ և բովանդակություն էին ձևավորում ոչ թե իշխանությանը հասնելու համար՝ որպես ինքնանպատակ, այլ՝ Արցախի և Հայաստանի անվտանգային փլուզվող միջավայրերի շարունակվող կործանումը կանխելու համար: Այսինքն՝ ներքին քաղաքական համակարգում պետք էր հաղթել՝ արտաքին քաղաքականություն իրականացնելու համար: Դրա մասին է վկայում բոլոր «նախկինների» հավաքական խոսույթի դիտարկումը, որում բացահայտ առավելությամբ առաջնային տեղ են զբաղեցնում անվտանգային և արտաքին թեմաները՝ ի հաշիվ սոցիալականի, տնտեսականի և այլն:

    Եթե Երրորդ նախագահի դեպքում միանգամից հայտարարվել էր ղեկավար պաշտոն զբաղեցնելու հավակնությունների բացակայության մասին, ապա Երկրորդ նախագահի պարագայում գործընթացը սահուն կերպով մեկնարկեց 2021թ. խորհրդարանական ընտրություններից հետո, զարգացավ 2022թ.-ին և առավել բյուրեղացավ 2023թ.-ին:

    Սեփական դեմքով իշխանության գալն իրականում ռևանշ չէ, այլ ռեստավրացիա է՝ վերականգնում: Այլ դեմքով կամ դեմքերով իշխանության վերադառնալն իրականում նույնպես ռևանշ չէ, այլ ռեինկարնացիա է:

    Այսինքն՝ ի սկզբանե թե Երկրորդ, թե Երրորդ նախագահների շարունակվող քաղաքական գործունեությունը ռևանշ չէր: Ավելին, այսօր, իմ համեստ կարծիքով՝ իրենք իրենց առջև չեն դրել նաև ռեստավրացիայի կամ ռեինկարնացիայի խնդիրներ, և իրենց քաղաքական գերխնդիրը ոչ թե «Նիկոլին հաղթելն է» (ռևանշը), այլ Հայաստանի մայրամուտը կանգնեցնելը:

    Որքան էլ ծանր և պարադոքսալ է հնչում, սակայն Հայաստանում չկա նաև կիրառական ռևանշիզմ Արցախյան հարցով: Եվ պատճառն այն չէ, որ Արցախի հայկականության վրա խաչ է դրվել (հիշեցնեմ ընդամենը Սերժ Սարգսյանի խոսքերն այն մասին, որ իր համար հայկական Արցախի էջը փակված չէ): Խնդիրը շատ ավելի ծանր է. ստեղծվել է մի իրավիճակ, երբ Արցախին հայկականությունը վերադարձնելու համար օրհասական է Հայաստանի փրկության հարցը:

    Այսինքն՝ մինչև այսքան երանավետ ռևանշին հասնելը, որից այդքան վախենում են Ալիևն ու Փաշինյանը, կան շատ ավելի կիրառական և կոնկրետ հրամայականներ: Ցանկացած խոշոր վթարից հետո ծանր վնասվածքներով պացիենտը չի կարող միանգամից քայլել կամ վազել: Բժիշկները նախ պարտավոր են փրկել հիվանդի կյանքը, հետո՝ վերականգնել նրա ուժերը, և նոր վերջում փորձել վերադարձնել սովորական կյանքի:

    Այս անալոգիան թույլ է տալիս պնդելու, որ Հայաստանն այսօր նախևառաջ ունի ռեանիմացիայի՝ վերակենդանացման կարիք, ինչը համադրելի է Նիկոլին իշխանազրկելու հետ: Հաջող ռեանիմացիայից հետո Հայաստանն ունենալու է ռեաբիլիտացիայի՝ վերականգնման կարիք, ինչը համադրելի է բոլոր ուղղություններով խորքային փոփոխությունների և մոդեռնիզացիայի հետ: Եվ միայն այդքանից հետո հարկ է կրկին վերադառնալ «մեծ ռինգ», այն է՝ ռևանշի գաղափարին:

    Ուստի թե ներքաղաքական, թե տարածաշրջանային կոնտեքստներում Հայաստանում չկա ռևանշիզմի առաջնահերթություն, կա բոլոր հարթություններում ազգային արժանապատվությունը վերագտնելու և Հայաստանի կենսունակությունը պահպանելու գերխնդիր:

    Ռևանշ լինելու է, եթե Հայաստանը լինի: Որպեսզի Հայաստանը լինի, Նիկոլը չպիտի լինի իշխանության: Որպեսզի Նիկոլը չլինի իշխանության, քաղաքական օրակարգում պետք է պայքարել իշխանափոխության՝ որպես ռևանշ դրսևորվելու կամ ներկայացնելու նարատիվի դեմ:

    Սխեմատիկ ասած, որպեսզի դրսում ռևանշի շանս ունենանք, ներսում Փաշինյանի իշխանազրկումը չպետք է ռևանշ դիտվի:

    ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

    ՀՀԿ փոխնախագահ

    «Նուբարաշեն» ՔԿՀ

    11.11.2023թ.

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս