00:44:14 29°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՔՊ խմբակցությունում առաջիկայում քննարկվելու է նիստերից բացակայող ընդդիմադիրներին մանդատից զրկելու հարցը․ Փաշինյան

    23:49 27 Հունիս 2022

    ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում առաջիկայում քննարկում տեղի կունենա՝ նիստերից բացակայող ընդդիմադիրներին մանդատից զրկելու հարցով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի եթերում՝ պատասխանելով լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին

    Անդրադառնալով ընդդիմադիրների դիտարկմանը, որ իրենց պատգամավորական մանդատը տվել է ժողովուրդը, և ոչ ոք դա չի կարող հետ վերցնել՝ Փաշինյանն ասաց, որ ժողովուրդը մանդատը տվել է օրենսդրության և Սահմանադրության շրջանակներում: «Իսկ ՀՀ օրենսդրությունը, Սահմանադրությունը նախատեսում են ԱԺ պատգամավորին մանդատից զրկելու կարգ, որը մեկ նստաշրջանում քվեարկությունների կեսից ավելին բացակայելու վերաբերյալ է», - հավելեց նա:

    Վարչապետը հիշեցրեց՝ ինքը ևս ընդդիմադիր է եղել, իր քաղաքական ուժն արել է ցույցեր, հեղափոխություն, սակայն ինքը՝ ԱԺ պատգամավոր՝ մեկ նստաշրջանի քվեարկության կեսից ավելիից երբեք չի բացակայել:

    Փաշինյանը  ընդդիմադիրներին հուշում տվեց. «Պատգամավորական գործունեությունը ոչ միայն չի խանգարում, այլ նաև, ես խիստ կասկածում եմ, որ եթե ես ԱԺ-ի պատգամավոր չլինեի, և ԱԺ-ի ամբիոնը չլիներ, ես, մեր քաղաքական թիմը կկարողանա՞ր իրագործել այն քաղաքական գործընթացները, որ տեղի ունեցան: Ժողովուրդը, Սահմանադրությունը, օրենքն ասել է, թե ինչպես են մանդատը տալիս և ինչպես այդ մանդատը հետ վերցնում: Արդյո՞ք դա տեղի կունենա. ընթացակարգ կա: ՔՊ խմբակցությունում, ես գիտեմ, որ պետք է առաջիկայում այդ թեմայով քննարկում տեղի ունենա, և խմբակցության դիրքորոշումն այս հարցում շատ կարևոր է»,-ասաց նա:

     Եթե ԱԺ խորհուրդը մանդատից զրկելու որոշում կայացնի, հետո պետք է դիմել ՍԴ, վերջնական որոշումը պետք է կայացնի ՍԴ-ն: Փաշինյանն իր անձնական դիրքորոշումը հրապարակելը ճիշտ չհամարեց, քանի որ ՔՊ խմբակցությունում, քաղաքական թիմում էլ այդ հարցով քննարկում, վերջնական որոշում դեռ չկա:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Հասարակություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ