03:25:16 13°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին․ քննարկել են տարածաշրջանային հարցեր

    20:15 19 Սեպտեմբեր 2024

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթին:

    Վարչապետը ողջունել է Միխայել Ռոթի այցը Հայաստան և կարևորել Գերմանիայի հետ միջխորհրդարանական համագործակցության հետևողական զարգացումն ու ընդլայնումը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Գերմանիայի հետ նաև տնտեսական փոխգործակցության շարունակական զարգացման անհրաժեշտությունը և նշել, որ երկկողմ հարաբերությունները վերջին տարիներին ունեն դինամիկ բնույթ: 

    Միխայել Ռոթը շեշտել է Հայաստանի խորհրդարանի գործընկերների հետ ակտիվ և սերտ համագործակցության փաստը՝ հավելելով, որ այդ փոխգործակցությունը ծավալվում է նաև միջազգային հարթակներում:

    Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններին, մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը շեշտել է, որ ՀՀ Կառավարության համար ժողովրդավարության զարգացումը և ժողովրդավարական բարեփոխումներն ունեն ռազմավարական նշանակություն, և այդ ուղղությամբ քայլերը կրելու են հետևողական բնույթ:

    Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին, երկու երկրների միջև սահմանազատման գործընթացին, ինչպես նաև ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին` ուղղված տարածաշրջանային տրանսպորտային հաղորդուղիների ապաշրջափակմանը: Վերոնշյալ թեմաների շուրջ վարչապետը ներկայացրել է հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումները:

    Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային, միջազգային  նշանակության այլ հարցերի շուրջ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս