16:09:32 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է բանակային խաղերի հաղթողներին

    14:44 8 Հուլիս 2024

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Տավուշի մարզում ներկա է եղել բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությանն ու հաղթողների պարգևատրմանը։

    Նախարարը շնորհավորել է բանակային խաղերի մասնակիցներին՝ երկրորդ տարին անընդմեջ գրանցած արդյունքների առիթով: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ մեկշաբաթյա մրցումները ցույց են տվել, թե ինչպես են հաստատակամությունը, պայքարի վճռականությունը և հետևողականությունն արդյունք տալիս:

    «Մասնակցությունը խաղերին արդեն իսկ կարևոր է, քանի որ նմանօրինակ խաղերի միջոցով մեր ուժային և իրավապահ կառույցների ներկայացուցիչները ստանում են հնարավորություն ևս մեկ անգամ փորձարկելու մասնագիտական կարևոր հմտությունները, զարգացնելու և բարելավելու դրանք, ինչպես նաև հանդիպելու, շփվելու միմյանց հետ, ձեռք բերելու նոր ընկերներ: Սա յուրաքանչյուրի համար նաև պայքարի, մրցման և անհատական որակների բարելավման առիթ է»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

    ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև մասնակիցների աշխատանքն ու ջանքը գնահատելու՝ ՀՀ կառավարության պատրաստակամությունը:

    «Այս խաղերը նաև թիմային պայքարի և համագործակցության օրինակ են: Սա, առաջին հերթին, խոսում է ոգու, հաստատակամության և վճռականության մասին, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ: Վստահ եմ՝ ձեր մասնակցությամբ և աշխատանքով օրինակ եք երիտասարդների համար»,- դիմելով մասնակիցներին` ասել է նախարարն ու փաստել՝ մրցակցող թիմերի քանակն ընդլայնվել է, որն ուրախալի է:

    Նախարար Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է ընդհանուր թիմային հաշվարկով մրցանակային տեղեր զբաղեցած մասնակիցներին: Ուժային կառույցների միջև թիմային հաշվարկով առաջին հորիզոնականը զբաղեցրել է Պաշտպանության նախարարության 5-րդ թիմը, երկրորդ տեղը գրավել է ՊՆ 3-րդ, իսկ 3-րդ հորիզոնականը՝ ՀՀ պետական պահպանության ծառայության հավաքական թիմերը։

    Իրավապահ մարմինների միջև ընդհանուր թիմային հաշվարկով առաջին տեղը զբաղեցրել է ՀՀ քննչական կոմիտեի թիմը, երկրորդ տեղը` ՀՀ արդարադատության նախարարության, իսկ երրորդ հորիզոնականը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի հավաքական թիմերը:

    Բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողության շրջանակում կայացել է նաև կողմնորոշում, հրաձգություն «ԱԿ 103» ինքնաձիգից, հրաձգություն «ՊՄ» ատրճանակից, հրաձգություն «ԴԴՀ» հրացանից, բանակային քառամարտ, ռազմականացված կրոսավազք, ռազմականացված կրոսավազքի փոխանցումավազք մարզաձևերի իգական և արական սեռի մրցանակակիրների պարգևատրման արարողությունը:

    Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև երկրորդ անգամ անցկացված բանակային խաղերին մասնակցել են ՀՀ պաշտպանության, Ներքին գործերի, Արդարադատության նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, Պետական եկամուտների, Քննչական, Հակակոռուպցիոն կոմիտեների, Դատախազության և Պետական պահպանության ծառայության հավաքական թիմերը, որոնցում ներգրավված են եղել կին ծառայողներ: Ընդհանուր առմամբ՝ խաղերին մասնակցել է 18 թիմ:

    Ռազմականացված քառամարտ, ռազմականացված կրոսավազք, կողմնորոշում, հրաձգություն «ԱԿ 103» ինքնաձիգից, հրաձգություն «ՊՄ» ատրճանակից, հրաձգություն «ԴԴՀ» հրացանից մրցաձևերում ընդհանուր հաշվարկով 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) կպարգևատրվեն համապատասխան կարգի հավաստագրերով, մեդալներով և դրամական պարգևավճարով` 1-ին տեղ՝ 1 000 000 դրամ, 2-րդ տեղ՝ 500 000 դրամ, 3-րդ տեղ՝ 300 000 դրամ, 1-ին տեղ գրաված թիմը՝ գավաթով:

    Ռազմականացված կրոսավազքի փոխանցումավազքի մրցանակակիր թիմի անդամները կպարգևատրվեն մեդալներով, պատվոգրերով և դրամական պարգևավճարով` 1-ին տեղ՝ 300 000 դրամ, 2-րդ տեղ՝ 200 000 դրամ, 3-րդ տեղ՝ 150 000 դրամ:

    Իրավապահ մարմինների միջև թիմային հաշվարկի արդյունքում մրցանակային տեղեր գրաված թիմերը կպարգևատրվեն համապատասխան կարգի հավաստագրերով և գավաթով:

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս