10:49:17 5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հայաստանի ժողովուրդը չպետք է ուշացնի Արցախի աջակցության իր հավաքը․ Վարդան Օսկանյան

    15:26 29 Հոկտեմբեր 2022

    Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը  լրատվամիջոցներին տարածել է իր հերթական հոդվածը՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի ներկա փուլի մասին։

    «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին հինգշաբթի արած մեկնաբանություններում կար երկու հստակ ուղերձ և մեկ առաջարկություն։

     

    Առաջինը՝ այն վիճակը, որում այսօր հայտնվել է հայ ժողովուրդը, Ռուսաստանի մեղքը չէ, այլ միայն ու միայն Հայաստանի իշխանությունների։ Երկրորդը՝ այն վիճակը, որում դեռ կարող է հայտնվել հայ ժողովուրդը, կախված է արդեն ոչ միայն Հայաստանի իշխանություններից, այլ շատ բանով նաև հայ ժողովրդից։

    Իսկ նրա առաջարկն այն էր, որ սեղանի վրա կա Ռուսաստանի՝ խաղաղության պայմանագրի նախագիծ, որն ի տարբերություն ԱՄՆ-ի նախագծի՝ առավել նպաստավոր է Հայաստանի համար։

     

    Այստեղ կարելի է ենթադրել, որ Ռուսաստանի առաջարկության էությունն այն է, որ երկու կողմերը, ճանաչելով միմյանց տարածաքային ամբողջականությունը, արձանագրում են, որ դեռ գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի հարց, ինչի շուրջ շարունակելու են բանակցությունները՝ հասնելու ընդունելի լուծման։

    Ակնհայտ է, որ մենք մտնում ենք բանակցային կրիտիկական փուլ։ Այստեղ բախվելու են ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի շահերը, այլև Ռուսաստանի և Արևմուտքի։ Երկու կողմերի ներգրավվածությունը պետք է դիտարկել նաև այդ տեսանկյունից։ Անցել են Մինսկի խմբի միասնական գործունեության օրերը։

     

    Հաջող և արդյունավետ որևէ բանակցություն վարելու համար անհրաժեշտ է ապահովել երեք նախապայման․

     

    – Նպաստավոր պայմանների ստեղծում (set-up)․ սա ենթադրում է ազգային միասնություն, բանակի մարտունակություն, դիվանագիտական հնարավորությունների մոբիլիզացում, դաշնակիցների աջակցություն և սփյուռքյան միահամուռ ճակատի առկայություն։

    – Գործարքի նախագիծ (deal design)․ սա ենթադրում է, որ հայկական կողմը հասկանա իր խնդիրները և հստակ ձևակերպի իր պահանջները։

    – Բանակցային տակտիկա (negotiating tactics)․ այստեղ գլխավորն այն է, որ այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրումը Հայաստանի համար դիտարկվի ոչ թե որպես նպատակ, այլ միջոց իր ազգային շահերը պաշտպանելու համար։

    Դժբախտաբար, նշված պայմաններից և ոչ մեկը բավարարված չէ։ Դրանք պարզապես գոյություն չունեն։

    Հետևապես, շատ կարևոր է հոկտեմբերի 30-ին Արցախում անցկացվելիք հանրահավաքը։ Հուսով եմ, որ կհավաքվի հիսուն հազարից ավելի մարդ, և ելույթ ունեցողները չեն ծամծմի իրենց բառերը, և այդ օրն Արցախի ժողովուրդն աշխարհին միահամուռ ցույց կտա, որ աննկուն է և վճռականորեն բացառում է Ադրբեջանի կազմում իր գոյությունն ու հետամուտ է մինչև վերջ իր ինքնորոշման իրավունքն իրացնելու հարցում։

    Հայաստանի ժողովուրդը չպետք է ուշացնի աջակցության ի՛ր հավաքը։ Այո՛, թեկուզ մեկ օրով, սակայն արժե, որ մենք վերապրենք 80-ականների վերջի ու 90-ականների սկզբի միասնության մթնոլորտը՝ ի ցույց դնելով հայ ժողովրդի միասնականությունը Արցախի ինքնորոշման հարցում։ Միգուցե այդ օրը մի կողմ դրվեն իշխանափոխության խնդիրը, «հինն ու նորը», «Արևելք, թե Արևմուտք»-ը, «ՀԱՊԿ, թե ՆԱՏՕ»-ն՝ կենտրոնանալով միայն Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման խնդրի վրա։

    Դժբախտաբար, Արցախի հարցում մենք երեսուն տարվա շրջապտույտ կատարելով և հիմնականում վերջին չորս տարիների սխալների պատճառով շատ բանով վերադարձել ենք սկզբնական կետ։ Բայց նաև, բարեբախտաբար, այդ երեսուն տարվա շրջապտույտը եղել է պարուրաձև, և այդ հարցում մենք այսօր գտնվում ենք որակապես այլ հարթության վրա։

    Նմանությունները սկզբնական կետի հետ շատ են, սակայն բազմաթիվ են նաև տարբերությունները։ Չունենք Շուշի, չունենք հայկական վերահսկողությամբ Լաչինի միջանցք, չունենք Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտի, բայց ունենք երեսուն տարվա փորձ, սխալներից սովորելու հնարավորություն, Արցախում՝ կայացած պետականության խարիսխներ, Մադրիդյան փաստաթուղթ, իսկ միջազգային թատերաբերում՝ 1991-ից ի վեր ինքնորոշման բազմաթիվ նախադեպեր։ Անվիճելի է, որ այսօր Լեռնային Ղարաբաղն ունի միջազգային իրավունքի բոլոր դրույթները բավարարող ինքնորոշման նախապայմանները

    Վերջապես, անհրաժեշտ է, որ ստեղծվի միջազգային մի մարմին՝ բաղկացած հայ և օտար դիվանագետներից և միջազգային իրավաբաններից, ազդեցիկ մարդկանցից, որը, հենվելով Արցախում ու Հայաստանում հայ ժողովրդի արտահայտած պահանջատիրությանը, հետամուտ կլինի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի պաշտպանությանն ու իրացմանը։

    Պետք է նաև ի հայտ բերել այն մարդուն՝ հենց Արցախից, որը միջազգային ասպարեզում կլինի Արցախի ինքնորշման դեմքը, ինչպես Արևելյան Թիմորում եղել է Հոսե Ռամոս-Հորտան, իսկ Կոսովոյում՝ Իբրահիմ Ռուգովան։

    Ցանկալի կլիներ, որ Հայաստանն ինքը լիներ Արցախի ինքնորշման առաջամարտիկը։ Այս առաջարկությունները ես անում եմ, որովհետև հույսս կորցրել եմ, որ Հայաստանի իշխանությունները երբևէ կարող են ուժ գտնել իրենց մեջ տեր կանգնելու հայ ժողովրդի շահերին ու իրավունքներին», - նշվում է հոդվածում:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս