01:44:17 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Օլիմպիական խաղերի մեդալակիրներն ու միջազգային գրոսմայստերի վարկանիշ լրացրած շախմատիստները կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից

    15:14 16 Հունվար 2025

    Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» N 89-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու նախագիծը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

    Որոշմամբ սահմանված են սպորտի ոլորտում բացառիկ նվաճումներ ունենալու հանգամանքները, որոնց առկայության դեպքում քաղաքացին ազատվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից:

    Ըստ հիմնավորման՝ սպորտի բնագավառի առանձնահատկություններով պայմանավորված՝ առկա են մի շարք սպորտային նվաճումներ, որոնք իրենց բնույթով բացառիկ ու եզակի են, և որոնց առկայության պարագայում մարզիկի նվաճումը համարվում է բացառիկ: Մասնավորապես՝ մինչև մարզիկի 26 տարեկան լրանալը Օլիմպիական խաղերում մրցանակակիր դառնալը կամ շախմատում միջազգային գրոսմայստերի վարկանիշ լրացնելը կհամարվի բացառիկ նվաճում:

    Միաժամանակ, փոփոխություններ և լրացումներ կկատարվեն ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման մեջ: Այն բխում է սույն կարգավորումների համատեքստում՝ բացառելու միևնույն սպորտային նվաճումը և՛ որպես տարկետման, և՛ որպես պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ազատելու հիմք դիտարկելուն:

    ՀՀ դրոշի ներքո հանդես եկող մարզիկներից նախատեսվող բացառիկ նվաճմանն այս պահին համապատասխանում է 7 մարզիկ, որոնցից 2-ը Օլիմպիական մրցանակակիր են, իսկ 5-ը՝ շախմատիստներ, որոնցից որոշ մարզիկներ արդեն իսկ զորակոչվել են պարտադիր զինվորական ծառայության: 

    Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվեն սպորտի ոլորտում բացառիկ նվաճում ունեցող մարզիկների սպորտային գործունեության համարժեք գնահատումն ու անընդհատությունը, և կամրագրվի նրանց բացառիկ նվաճումը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս