22:07:09 11°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Պատվաստումների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունները «Հայաստան» խմբակցությունը որակում է իրավական սանձարձակություն ու դիկտատուրա հաստատելու հերթական փորձ

    11:41 8 Հոկտեմբեր 2021

    Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի դիտարկմամբ՝ պատերազմից մեկ տարի անց գնահատական չի տրվել այն բոլոր իրողություններին, որոնք անհրաժեշտ են Հայաստանի հետագա զարգացումն ապահովելու համար։

    «Ես նկատի ունեմ անվտանգային միջավայրի գնահատման, ներքին ու արտաքին սպառնալիքների գնահատման առումով, նաև՝ մեր երկրի կարևոր ուղղությունների ռազմավարությունը մշակելու համար», - Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասաց Օհանյանը։

    Նա նշեց, որ «Հայաստան» խմբակցությունը եկել է այն եզրակցության, որ այս ամենի վերաբերյալ իշխանությունները մանիպուլացիոն պատասխաններ են հղում։

    Նախկին նախարարն ասաց, թե վերջին քառօրյայից հետո պարզ է՝ կառավարությունը չի գտնում այն առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ պետք է իր հիմնական աշխատանքն իրականացնի։

    Խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ, անդրադառնալով կառավարության երեկվա նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, ասաց, թե երբ Նիկոլ Փաշինյանը խոսում էր համայնքների խոշորացումից, ակնհայտ է՝ այս խոշորացումն ունի քաղաքկան նպատակ՝ սեփական իշխանությունն էլ ավելի ամրապնդելու։

    «Այս մարդը հետ չի կանգնում իր ապօրինի վարքագծից», - ասաց նա։

    Մինասյանը նշեց՝ երբ Նիկոլ Փաշինյանը խոսում էր պատվաստումների մասին ու հրահանգ տալիս իրավապահ մարմիններին, դա ոչ այլ ինչ է, քան՝ իրավական տեսակետից լիազորությունների չարաշահում, առերևույթ հանցագործություն։

    «Դա հստակ քաղաքական պատվերի կատարում է ենթադրում, մենք գործ ունենք հերթական իրավական սանձարձակության ու դիկտատուրա հաստատելու հերթական փորձի հետ», - ասաց Մինասյանը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս