02:59:56 24°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Միրզոյան-Բորել հեռախոսազրույց է տեղի ունեցել

    20:23 25 Մայիս 2024

    ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ, հայտնում են ԱԳՆ-ից։

    Հաղորդագրությունում նշված է․

    «Զրուցակիցները քննարկել են հարցերի լայն շրջանակ: ՀՀ և Եվրոպական միության միջև գործընկերության համատեքստում երկուստեք ընդգծվել է թե՛ արդեն իսկ ձևավորված համագործակցության ծրագրերի իրականացման, թե՛ լրացուցիչ ուղղություններով նոր հանգրվանի հասնելու կարևորությունը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ս.թ. ապրիլի 5-ի բրյուսելյան հանդիպման արդյունքներով մշակված «Հայաստանի դիմակայունության և աճի» ԵՄ ծրագրին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերին:

    ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է նաև ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի վերաբերյալ վերջնական որոշման կայացման կարևորությունը: Անդրադարձ է կատարվել օրակարգի առաջիկա միջոցառումներին և անելիքներին:

    Արարատ Միրզոյանը և Ժոզեպ Բորելը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները: Անդրադառնալով երկու երկրների միջև սահմանազատման գործընթացին և համապատասխան հանձնաժողովների միջև գրավոր պայմանավորվածություններին՝ Արարատ Միրզոյանը շեշտել է գործընթացը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա շարունակելու անհրաժեշտությունը, ինչպես հայտարարվել է նաև երկու երկրների ղեկավարների մակարդակով: Ներկայացնելով խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ քննարկումները՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ հնարավոր կլինի հասնել վերջնական համաձայնության ձեռք բերված պայմանավորվածությունները նաև պայմանագրի նախագծում արտացոլելու միջոցով: Անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի»:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս