07:20:01 4°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՄԻՊ-ը ԵՄ դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ում քաղաքական գործիչների ատելության խոսքի հետ կապված հարցեր

    13:06 9 Դեկտեմբեր 2023

    Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 8-ին ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում  ԵՄ դեսպանի քաղաքական խորհրդական Սիլվիա Զեհեն: Հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

    Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության ուղղություններն ու առաջնահերթությունները։ Այս համատեքստում ընդգծվել է ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքների կարևորությունը:

    Պաշտպանը նշել է, որ այդ երևույթներն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում լայն տարածում են գտնում, ինչն անընդունելի է: Հատկապես մտահոգիչ է ատելության խոսքի կիրառումն ակադեմիական համայնքում, քաղաքական և հանրային գործիչների կողմից, ինչպես նաև մեդիադաշտում։ Պաշտպանը հատուկ ընդգծել է, որ ատելության խոսքի ցանկացած դրսևորում պետք է բացառվի հանրային խոսույթից:

    Անդրադարձ է կատարվել իրավապահ մարմինների կողմից քաղաքացիների իրավունքների պատշաճ երաշխավորման հետ կապված հարցերին, փաստաբանների կողմից Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող բողոքներով վեր հանված խնդիրներին։ Պաշտպանը հատուկ ընդգծել է մարդու իրավունքների կրթության որակի բարձրացման կարևորությունը։

    Անահիտ Մանասյանը ներկայացրել է նաև գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և քաղաքացիական անձանց, ինչպես նաև վերջիններիս ընտանիքի անդամների իրավունքների պաշտանության հետ կապված հարցերը։ Անահիտ Մանասյանը տեղեկացրել է, որ պարբերաբար հանդիպումներ է ունենում վերոնշյալ անձանց ծնողների և հարազատների հետ, խնդիրը բարձրացնում է պետական իրավասու մարմինների, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ հանդիպումների ժամանակ։

    Իր հերթին, Դեսպան Վասիլիս Մարագոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ կարևորելով Պաշտպանի հաստատության գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի ամրապնդման հարցում։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս