11:08:21 4°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հայաստանի թիվ մեկ խնդիրն այսօր ամենևին էլ «միջանցքը» չէ. Վահե Հովհաննիսյան

    11:47 24 Հոկտեմբեր 2022

    Հիմա բոլորը խոսում են սպասվող աղետի մասին. «Բարի գալուստ աղետ» հոգեվիճակում գտվող ազգերը, որպես կանոն, ի վերջո ստանում են այդ աղետը։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը:

    Նա նաեւ նշել է. «Ամենապարզ ընտրության առաջ ենք. սպասել աղետի՞ն, թե՞ կանխել աղետը։

    Ի՞նչ է աղետը

    Կարևորագույն քայլը աղետի հստակ ձևակերպումն է։ Հնարավոր չէ կանխել մի բան՝ առանց իմանալու, թե ինչը։ Ըստ իս, ստեղծված իրականության մեջ մեզ համար աղետ է.

    • Արցախը հոշոտման հանձնելը
    • Նոր պատերազմը
    • Հայաստանի տարածքների օկուպացիան

    Գուցե այլոք այլ տարբերակներ կնշեն՝ ավելի հայրենասիրական  ձևակերպումներով, բայց կա իրականություն, որից չես փախչի։

    Այս կետերից ցանկացածը աղետ է, հետևաբար՝ աղետ կանխելը այս պահին, այսօրվա աշխարհում նշանակում է՝ թույլ չտալ կետերից որևէ մեկի՝ իրականություն դառնալը։ Դա հնարավոր է։ Եվ եթե մեր պետական մտածողությունն այս ալգորիթմի մեջ լինի, մենք կխուսափենք դրանից։

    Չքաղաքականացնե՞լ Օվերչուկին

    Մի հրեշավոր անտեսանելի ձեռք հայ ժողովրդի թիվ 1 խնդիրը սարքեց կոմունիկացիաների ապաշրջափակման կամ «միջանցքի» գաղափարը։ Կարծես՝ վերը նշված երեք սպառնալիքները վերացել էին, ու հիմա ազգային պայքարը միայն սրա շուրջ է։ Իրականում սա չափազանց վտանգավոր ծուղակ է, որ կարող է տանել դեպի վերը նշված աղետ-սցենարները։

    Պետական մտածողությունից զուրկ հայ հասարակությունը, նրա՝ անգամ կրթված շերտերը հեշտությամբ տրվում են սրան։

    Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկը հայտարարում է. «Հարավային Կովկասում ձևավորվում է «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք» հիմնական միջազգային տրանսպորտային միջանցքների խաչմերուկը։ Եթե այն ստեղծվի, Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի տնտեսությունները կսկսեն լրացուցիչ վարձակալություն ստանալ՝ կապված Եվրասիայում իրենց աշխարհագրական դիրքի առավելությունների հետ: Այս առումով էական դեր կխաղա Հայաստանի կամ Իրանի տարածքով Ադրբեջանի արևմտյան շրջանների եւ Նախիջևանի միջեւ տրանսպորտային կապերի ապաշրջափակումը։ Ադրբեջանն ու Իրանը սկսել են կամուրջների կառուցումը սահմանին, որոնք կկապեն երկու երկրների ճանապարհները եւ կապահովեն ամենակարճ ու հարմար տեղաշարժն Ադրբեջանի արևմտյան շրջանների եւ Նախիջևանի միջև։ Երկաթուղու եւ ավտոմայրուղու կառուցումը Հայաստանի տարածքով՝ Մեղրիով, որի ինքնիշխանությունը ոչ ոք կասկածի տակ չի դնում, կախված է Հայաստանի դիրքորոշումից։ Միաժամանակ, Իրանի տարածքով արդեն իսկ կառուցվում է Հայաստանը շրջանցող ճանապարհ, որը 2024 թվականին մոտ պատրաստ կլինի և հնարավորություն կտա մուտք գործել Իրանի, Թուրքիայի և հետագայում Եվրոպայի շուկաներ»։

    Մեզ պարզ առաջարկվում է, առանց ճանապարհների ինքնիշխանությունը կասկածի տակ դնելու, գնալ լուծումների, որոնք կբերեն տնտեսական շահ և գրեթե երաշխավորված դեէսկալացիա տարածաշրջանում։

     Իշխանությունը սրան արձագանքեց ՀԺ-ում հերթական կեղծանունով հոդվածով։ Ասել է թե՝ իշխանությունը, հայրենասերի վեղարը հագնելով, վերահայտարարում է ՄԵԿ հոգու նոր կոնցեպտը՝ «ոչ մի միջանցք, բայց դե Արցախի կորուստը, նոր պատերազմը, և ՀՀ տարածքների օկուպացիան ավելի քան ռեալ են. դա կանխելու լուծումներ չունենք»։

    Չքաղաքականացնե՞լ ընդդիմությունը

    ՄԵԿ հոգու իշխանության անոմալիան դեպի աղետ տանող ամենակարճ ճանապարհն է։ Հենց այս մեխանի´զմը պետք է խափանի ընդդիմությունը։ Օվերչուկի հայտարարությունից հետո խորհրդարանական ընդդիմությունը պարտավոր է.

    Օգտագործելով իր զգալի մեդիա ռեսուրսը՝ խոսել ժողովրդի հետ, բացատրել ռիսկերը, բացատրել աղետի՝ իրական լինելը, քննարկել Օվերչուկի ասածը։

    ԱԺ-ում իշխանությանը պատին դեմ տալով՝ պահանջել բացատրություններ՝ ՄԵԿ հոգուց, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից և արտգործանախարարից, պահանջել և ստանալ լրացուցիչ պարզաբանումներ։ Եթե Օվերչուկը ասում է ողջ ճշմարտությունը, ապա բացվում է բանակցելու և դեէսկալացիայի լավ տարբերակ, եթե Օվերչուկը չի ասում ողջ ճշմարտությունը, ապա պետք է հասկանալ, թե հատկապես ի´նչը չի ասում, և բանակցել այդ ուղղությամբ։ Եթե Օվերչուկը ճիշտ է ասում, ապա ինչո՞ւ մենք չենք գնում այդ ուղղությամբ և ի՞նչ ենք էլ անում Պրահայում, իսկ եթե ճիշտ չի ասում, ապա հրապարակային ինչո՞ւ չի պատասխանում պաշտոնական Երևանը։

    Դրանից հետո խոսել ժողովրդի հետ և ձևակերպել ընդդիմության հստակ տեսակետը՝ տարածաշրջանային դեէսկալացիայի, աղետից խուսափելու հնարավոր ճանապարհների շուրջ։

    Ինչո՞ւ սա չի արվում, ինչու՞ է ընդդիմությունն ինքն իր համար որոշել «չքաղաքականացվել»։ Մեր վիճակի  դիպուկ գնահատական էր տվել ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանը. «Միջազգային ավանտյուրիզմ. Հայաստանը Մոսկվայի և Վաշինգտոնի արանքում մատաղացու գառ սարքելը հանցագործություն է հայ ժողովրդի նկատմամբ։ Նաև՝ միջազգային ավանտյուրիզմ»։

    Ինստիտուցիոնալ ընդդիմության նպատակը պետք է լինի սա խափանելը, ՄԵԿ հոգու՝ անարգել ճակատագրական որոշումներ կայացնելու մեխանիզմը խափանելը, ժողովրդին այլընտրանքային հստակ տարբերակ ներկայացնելը՝ այնպիսին, որ ընկալելի կլինի միջազգային հանրության համար։

    Ժողովուրդը չի հասկանում, որ մենք ոչ միայն վերը նշված՝ աղետի երեք կետերից մեկի իրականացմանն ենք մոտ, այլև՝ բոլոր երեքի միաժամանակ։ Հայ ժողովուրդը մոլորվել է Տոյվո Կլաարի, սկանդինավյան խաղաղապահների, Մակրոնի հայտարարությունների և մյուս կողմից՝ Ալիևի ու Էրդողանի հայտարարությունների միջև։ ՄԵԿ հոգու կամքով մարդիկ սկսել են «ռուսերեն չհասկանալ», պարսկերենը՝ հատվածաբար։ Նիկոլը ժամանակին մի ամբողջական տեսություն էր զարգացրել «Եվրոյոնջաների և եվրովնգստացողների»  մասին։ Հիմա անում է դրա լրիվ հակառակը։

    Հայաստանը պետք է դուրս հանել գերտերությունների բախման էպիկենտրոնից. սա մեր օրվա հրամայականն է, մեր ազգային անվտանգության լրջագույն խնդիրը։ Հայաստանը դարձել է գերտերությունների հատուկ ծառայությունների վերնիսաժ։  Աննորմալություն է՝ սահմաններին միաժամանակ ունենալ եվրոպական դիտորդներ ու ռուսական բազա, կյանքի ճանապարհդ ապահովեն ռուսական խաղաղապահները, իսկ երկրի ներսում գեներացվի հակառուսական արշավ։ Այսպես որ գնա, վաղը կարող է իսրայելական դիտորդներ  բերենք հայ-իրանական սահման, իսկ Գյումրիում տեղակայենք ամերիկյան մոնիտորինգային խումբ։ Հերիք է այս ժողովրդին ենթարկել էքսպերիմենտի։ Ուկրաինայի արյունոտ ճակատագիրը, թվում է, պիտի բավարար լիներ, թե ինչ կարող է կատարվել շահերի բախման կենտրոնում հայտնված երկրի հետ՝ չափերով և նշանակությամբ մեզնից անհամեմատ ավելի մեծ։ Նոր Ուկրաինա դառնալուն մեզ հինգ րոպե է մնում։ Հայաստանը կարիք ունի սառը, սթափ կառավարման, քաղաքական կայունության, որը հնարավոր է միայն նոր սոլիդ իշխանության դեպքում։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս