10:54:31 -3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ««Հավատարիմ փաշինյանական» Ալեն Սիմոնյանին ուղիղ հարցրի՝ Հայաստանը հատո՞ւկ է հանձնել Ղարաբաղը». КП-ի թղթակիցը պատմել է Հայաստան, Արցախ այցերի, ՀՀ ԱԺ խոսնակի հետ բանավեճի մասին

    23:15 23 Նոյեմբեր 2021

    Комсомольская правда-ի հատուկ թղթակից Դմիտրի Ստեշինն այցելել է Հայաստան և Արցախ՝ փորձելով գուշակել, թե ինչ կլինի հետո:

    Ստորև մասնակի կրճատումներով ներկայացնում ենք նրա հոդվածը.

    «2020 թվականի աշնանը Կովկասում կարճ, բայց իրական պատերազմ սկսվեց։ Ադրբեջանը վերադարձրեց քառորդ դար առաջ հայերին պարտված տարածքների մեծ մասը։ Արյունահեղությունը դադարեցվեց միայն Ռուսաստանի օգնությամբ, որն այստեղ բերեց իր խաղաղապահներին։

    Մեռած «Կյանքի միջանցք»

    Ղարաբաղը (կամ, ինչպես հայերն են անվանում՝ Արցախը) սկսվում է մի նեղ ճանապարհով, որը կապում է «մայրցամաքային» Հայաստանն ու չճանաչված հանրապետության մնացորդները։ Մեկ տարի առաջ Ղարաբաղը կորցրեց իր վերահսկողության տակ գտնվող տարածքների 80%-ը։ Մնացել է մայրաքաղաքը՝ Ստեփանակերտը, և ցանկության դեպքում քարտեզը կարող է հեշտությամբ արտացոլվել Ուկրաինայի հարավ-արևելքում, որտեղ աշխարհազորայինները կարողացան բռնել-պահել Լուգանսկը և Դոնեցկը: Միայն այնտեղ ամեն ինչ ավելի պարզ է՝ սարեր չկան, իսկ Ռուսաստանը թիկունքում է։

    Այստեղ էլ Ռուսաստան կա։

    Լաչինի «կյանքի միջանցքը»՝ 5 կիլոմետր լայնությամբ, վերահսկվում է մեր խաղաղապահների կողմից։ Եթե միջանցքը կտրվի, Հայաստանից Ղարաբաղ հասնելն անհնար կլինի»,-գրում է Ստեշինը, որն այնուհետև պատմում է Բերձոր քաղաքի մասին:

    «Բուն Լաչին քաղաքը (հայերեն՝ Բերձոր) բացարձակ դատարկ է։ Ճանապարհը վերահսկում են միայն խաղաղապահները։ Կիրճի լանջերը լցված են դատարկ սև պատուհաններից նետված կահույքով։ Ամենայն հավանականությամբ, տանտերերն իրենք են դրանք դուրս նետել՝ հուսահատ, դառնացած, վերադառնալու ակնկալիք չունենալով։ 

    Վերջին խաղաղապահ հենակետը դեռ մեկ տարի առաջ հայկական նախկին բերդաքաղաք Շուշիի բլրի ստորոտին է։ 2019 թվականի ձմռանը Ղարաբաղի հայերն ինձ հպարտությամբ ասում էին, որ «Շուշին ոչ ոք չի կարող վերցնել, Շուշին ոչ ոք չի վերցրել». այժմ մետաղական ցանցի մյուս կողմում ադրբեջանցի զինվորներն են: Նրանք ուշադիր հետևում են, թե ինչպես են խաղաղապահները ստուգում մեր մեքենան։ Սյուներից կախված են տեսախցիկներ։ Ադրբեջանական անցակետում երկու դրոշ կա՝ Ադրբեջանի ու Թուրքիայի։ Ներքևում՝ Շուշիի ստորոտի ձորում, թնդում է շինարարական տեխնիկան՝ թունելի բետոնե պորտալն արդեն դուրս է ցցվել սարից։ Ադրբեջանը, և, կրկին դատելով դրոշից՝ Թուրքիան, հապճեպ ճանապարհ են կառուցում և փող չեն խնայում»,-գրում է հոդվածագիրը։

    Պատասխանների ժամանակը

    Այնուհետև թղթակիցը հասնում է Ստեփանակերտ՝ նկատելով, որ ադրբեջանցիների կողմից գրավված Շուշիին բառացիորեն կախված է քաղաքի գլխին, սակայն քաղաքը նախընտրում է չնկատել դա։

    «Արցախի ԱԳՆ ղեկավարն ինձ ասում է, որ մեկ տարի առաջ պատերազմում պարտվելուց հետո 60 հազար բնակչությամբ Ստեփանակերտում մնացել էր ընդամենը 7 մարդ՝ նախագահն անվտանգության աշխատակիցների հետ և դիվանագետ Դավիթ Բաբայանը:

    Դավիթը գեղեցիկ է խոսում. «Արցախը հիմա վիրավոր գազան է». Եվ նա մարգարեանում է.«Ես միշտ ասում եմ մեր ռուս եղբայրներին. «Հաջորդ ճակատամարտը կլինի Կուլիկովոյի դաշտում»: Հիմնական թիրախը ոչ թե Հայաստանն է, այլ «հյուսիսային վեկտորը»։ Թուրքերը չեն թաքցնում իրենց ծրագրերը, նրանց գաղափարախոսությունը պանթուրքիզմն է»»,-շարունակում է Ստեշինը։

    Սադրանքների օղակում

    «Ո՛չ Ստեփանակերտում, ո՛չ Երևանում ես չկարողացա պաշտոնյաներից ստանալ խաղաղապահ մանդատի բովանդակության նույնիսկ մոտավոր վերապատմում։ Մերձդնեստրում ռուս խաղաղապահների մանդատի բովանդակությունը տեղադրված է համացանցում։ Հարավային Օսիայում և Աբխազիայում մեր խաղաղապահների վերաբերյալ բոլոր փաստաթղթերը նույնպես հանրային տիրույթում են։ Ղարաբաղում այս տեղեկատվությունը կարծես գաղտնի է:Եվ սա շատ տարօրինակ է։ Պարզ չէ, թե ինչպես արձագանքել սադրանքներին։

    Ղարաբաղ գալուցս մի երկու շաբաթ առաջ դիպուկահարի կրակոցից սպանվել է «շփման գծում» աշխատող էքսկավատորի վարորդը։ Չարագուշակ ենթատեքստն այն է, որ սպանության պահին էքսկավատորի խցիկում խաղաղապահ սպա է եղել... Իսկ այն օրը, երբ հասա այստեղ՝ խաղաղապահների անցակետից 500 մետր հեռավորության վրա, վիրավորվել է Ստեփանակերտի «Ջրմուղ»-ի երեք աշխատակից, մեկը սպանվել է: Նրանք խաղաղապահների դիտակետ ջրագիծ էին անցկացնում:Հանգուցյալին հուղարկավորել են։ Մի քանի օրից նրա բարեկամը նռնակ է նետել ադրբեջանցի զինվորականների վրա»,-գրում է Ստեշինը, որն այնուհետև ներկայացնում է ադրբեջանցիների հարձակման հետևանքով վիրավորված փականագործներից մեկի հետ զրույցից որոշ մանրամասներ:

    Նրա պատմելով «զրուցակիցը կրծքավանդակի շրջանում վիրավորում ունի, ծանր շուռ է գալիս մահճակալի վրա, բայց ուժ է գտնում ինձ հետ խոսելու»:

    «Մենք բոլոր կողմերից թույլտվություն ունեինք խաղաղապահների ջրամատակարարումը վերանորոգելու համար։ Բայց մեկ ժամ անց տեսանք, որ մի մարդ է գալիս մեզ մոտ: Նա հատուկջոկատային զինվորի հագուստով էր: Ավտոմատ, ատրճանակ ... ամերիկյան, երկար: Նա սկսեց բղավել մեզ վրա. Մարտիկը («Ջրմուղ»-ի սպանված աշխատակից Մարտիկ Երեմյան) սկսեց բացատրել, որ ռուսների համար ջրամատակարարման համակարգ ենք սարքում։ Բայց նա շարունակեց բղավել: Թվում է, թե ոչ այնքան ադրբեջաներեն, մենք այդ լեզուն մի քիչ գիտենք: Ռուսերենով փորձեց հայհոյել, ու չկարողացավ։ Նա բարձրացրեց ավտոմատը, հանեց ատրճանակը։ Նրան ասում ենք. «Լսի՛ր, էլ չենք աշխատի»։ Նա թիկունքից մոտեցավ ու կրակեց Մարտիկի գլխին, հետո վիրավորեց ևս մեկին, ևս մեկին... հետո ինձ: Այդ պահին ես գործի էի դնում էքսկավատորը, որպեսզի հեռանամ»,-պատմել է Գագիկ Ազայանը։

    «Այս սարսափելի սադրանքի արձագանքի մասին ոչ ոք դեռ չի լսել։ Խաղաղապահ սպան ոչ պաշտոնական զրույցում նկատեց.«Ի՞նչ է, ուզում էիք, որ անմիջապես գցեինք «Կալիբրը» և օդանավերը բարձրացնեինք»,-շարունակում է Ստեշինը։

    «Մի օր պատմաբանները մեր ժամանակները կսահմանեն որպես «երեսպաշտության դար»։ Այս միտքը գալիս է  Արցախի օմբուդսմենի եվրոպական օրինակելի գրասենյակում»,-ասում է Ստեշինը մեջբերելով Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանին.«40 հազար փախստական, աշխատանք չկա, նպաստով են ապրում: Ադրբեջանը խլացնում է բջջային կապն ու ինտերնետը: Կրակում են գյուղտեխնիկայի վրա»:

    «Օմբուդսմենին հարցրի. «Ո՞վ է օգնում մարդկանց»: Պարզվում է՝ մարդասիրական օգնություն են տեղափոխում միայն Կարմիր Խաչն ու խաղաղապահները։ Մնացած բոլոր կազմակերպությունները մնում են լուսանցքում: Նրանք պետք է Ադրբեջանի տարածքով մտնեն չճանաչված Ղարաբաղ, քանի որ օրենքը վեր է ամեն ինչից, նույնիսկ մարդկային տառապանքից։ Բայց դա այնքան էլ լավ չի ստացվում: Միակ բանը, որ հիմա կարող են անել Ղարաբաղի իրավապաշտպանները, իրավունքների ոտնահարման թղթեր կազմելն ու Արևմուտք ուղարկելն է։ Նույն հաջողությամբ կարելի է գրել «Սպորտլոտո»-ին. Արևմտյան մարդասիրական նորմերը գործում են ընտրովի. դուք պետք է հաստատվեք որպես «ուշադրության արժանի զոհ»:

    Ես մեքենայով մտա փախստականների ճամբար: Այս ամենը հազար անգամ եմ տեսել։ Սենյակները լցված են մինչև առաստաղ շարված կենցաղային իրերով: Հոգնած աչքերով ու դեմքերով կանայք, պարապ երեխաներ, յոթ հոգանոց ընտանիքի համար տասը մետր տարածք: Այս ճամբարում ապրում էին շուշեցի ընտանիքներ:

    Ընդամենը 70 կիլոմետր, և մեր ավտոբուսը հասավ Ղարաբաղից մնացած տարածքի եզրին՝ Ամարասի հնագույն վանք։ Այն կառուցվել է 5-րդ դարում, և այս վանական համալիրն ինքնին համր պատասխան է «ո՞ւմ հողն է» հարցին։ Անհարմար պատասխան, գուցե դրա համար էլ վանքը շարունակում են տենդագին վերականգնել։ Ադրբեջանական դիրքերից մեկ կիլոմետր կա՝ անտառապատ բլրի վրա ծածանվում է համապատասխան դրոշ։ Հաջորդ բարձրության վրա՝ հայկական դրոշը, հարթավայրում, գյուղում՝ ռուսական»,-գրում է Ստեշինը։

    Այնուհետև հեղինակն անդրադառնում է Շուշիի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատմությանը և պատերազմում հայկական կողմի պարտության թեմայով ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հետ ունեցած ուշագրավ զրույցին:

    «Բազմաթիվ դավադրության տեսություններ կան այն մասին, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները՝ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ, միտումնավոր հանձնել են Ղարաբաղը։ Երբ պարզ դարձավ, որ Արցախը կործանվում է, ոչինչ չարեցին։ Ինչո՞ւ։ Այդ մասին կարելի է իմանալ միայն Երևանում։

    «Հավատարիմ փաշինյանական», Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի հետ զրույցում ուղիղ հարցրի. «Հայաստանը հատո՞ւկ է հանձնել Ղարաբաղը, որպեսզի աշխարհքաղաքական վեկտորը փոխի՝ ռուսականից արևմտյան»։

    Հարցազրույցը վերածվեց բանավեճի, Ալեն Ռոբերտովիչը սկսել վրդովվել.«Հայ հասարակության մեջ կա հասկացողություն, թե Ռուսաստանն է հանձնել Ղարաբաղը։ Եվ, ընդհանրապես, ինչի՞ց ենթադրեցիք, որ ինչ-որ մեկը հանձնել է Ղարաբաղը։ Այդպիսով դուք վիրավորում եք հայ ժողովրդին և նրանց, ովքեր արյուն են թափել նրա համար։ Եթե ցանկանային հանձնել Ղարաբաղը, մի քանի տարբերակ կար, ներառյալ՝ ՌԴ ԱԳՆ առաջարկները»։

    Բայց ես պարզապես չթողեցի անցնել «Ռուսաստանի հավերժական մեղքի» վրա.«Իսկ ի՞նչ եք դուք արել նրան փրկելու համար: Մեկ տարի առաջ ես Դոնբասի կամավորների միության համագումարին էի։ Մի քանի հազար մարդ պատրաստ էր օգնության հասնել։ Բայց այդ պահին Հայաստանն ընդունեց «վարձկանության մասին» օրենք, և կամավորներին զգուշացրին այդ մասին։ Այսինքն՝ դուք միտումնավոր փակել եք Հայաստանի համար արյուն թափելու պատրաստ մարդկանց հոսքը»:

    «Մենք մարդկանց թվի հետ կապված խնդիրներ չունեինք»,-պատասխանել է Սիմոնյանը»,-գրում է հեղինակը՝ ընդգծելով, որ Ալեն Ռոբերտովիչն այդպես էլ չի բացատրել, թե ինչու նման խայտառակություն եղավ ԼՂ-ի հետ, թե ինչու, օրինակ, խորհրդարանական հետաքննություն չանցկացվեց։

    «Սակայն հարցազրույցի ընթացքում 5 անգամ ՀՀ ԱԺ խոսնակը հասցրեց մեղադրել Ռուսաստանին, այսպես, հպանցիկ։ Ես դա նկատեցի»,-գրել է թղթակիցը։ 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս