20:56:47 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Առաջին կարգի մասնագետից` վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ. «Ժողովուրդ»

    09:13 12 Նոյեմբեր 2024

    «Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Առաջին կարգի մասնագետից մինչեւ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ. այսպես է սկսվել Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի տեղակալ Սարգիս Թորոսյանի կենսագրությունը։

    Մինչեւ 2018 թվականի հեղափոխությունը Սարգիս Թորոսյանը շրջագայել է նախ առողջապահության նախարարությունում, հետո արդարադատության, ապա ՀՀ նախագահի աշխատակազմում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք։ Ստացվում է, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը նախկին իշխանություններից է, որին մերժելով էլ ամրանում է ներկայիս իշխանությունը։

    Հեղափոխության տարում Թորոսյանը տեղափոխվեց կառավարություն եւ հասարակ վարչության պետից դարձավ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ։

    Սարգիս Թորոսյանն իր՝ 2023 թվականի հաշվետու տարվա անշարժ գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագիրը ներկայացրել է մայիսի 31-ին, որից տեղեկանում ենք, որ նա 2017 թվականին գնման եղանակով Արաբկիր վարչական շրջանում ձեռք է բերել բնակարան բազմաբնակարան շենքում եւ ավտոկայանատեղի: Անշարժ գույքը հաշվետու տարվա վերջում պահպանվել է: Հեղափոխությունից հետո՝ 2019 թվականին, Թորոսյանը որպես տրանսպորտային միջոց հայտարարագրել է 2011 թվականի արտադրության HYUNDAI մակնիշի ավտոմեքենա: Տրանսպորտային միջոցը հաշվետու տարվա վերջում պահպանվել է:

    Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի բանկային հաշիվներից մեկի մնացորդը հաշվետու տարվա սկզբում կազմել է 992 հազար դրամ, որը տարեվերջին ավելացել է՝ դառնալով 1 մլն 89 հազար դրամ։ Բանկային մյուս հաշվի մնացորդները նվազել են՝ 132 հազար դրամից դառնալով 3 հազար դրամ, վերջինը 271 հազար դրամից դարձել է կրկին 3 հազար դրամ:

    Որպես կանխիկ դրամական միջոց հաշվետու տարվա սկզբում Սարգիոս Թորոսյանը հայտարարագրել է 8 մլն դրամ, ինչը տարվա վերջում դարձել է 5 մլն դրամ. կրկին նվազել է:

    Տեղակալ Թորոսյանի հաշվետու տարվա եկամուտը կազմել է 19 մլն 125 հազար դրամ, որից 14 մլն 707 հազար դրամը վարչապետի աշխատակազմից ստացված աշխատավարձն է, 3 մլն 630 հազար դրամը պետական եկամուտների կոմիտեից ստացված գումարն է, 749 հազար դրամը փոխանցվել է Սլավոնական համալսարանից, որտեղ Թորոսյանը դասախոս է աշխատում 2015 թվականից, իսկ 38 հազար դրամը նրան փոխանցվել է Կառավարման ակադեմիայից:

    Հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Թորոսյանի վարկի մայր գումարը կազմել է 36 մլն 313 հազար դրամ, որից 35 մլն դրամը բնակարանների հիփոթեքի մայր գումարի մնացորդներն են: Այսինքն՝ Թորոսյանն ունի հիփոթեքով ձեռք բերված 2 բնակարան։

    Հենց բնակարանի հիփոթեքի մայր գումարը մարելու համար է Թորոսյանը եկամուտ ստացել ՊԵԿ-ից՝ եկամտահարկի վերադարձի օրենքով։
    Ֆինանսական միջոցների նվազումն էլ պայմանավորված է նրանով, որ Սարգիս Թորոսյանը 3.1 մլն դրամ ուղղել է վարկերի մարմանը, իսկ 7 մլն դրամ՝ անշարժ գույքի վերանորոգմանը»:

    Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս