01:59:32 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Կանոնակարգվում են կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերի տեսակավորմանը ներկայացվող պահանջները

    14:25 15 Հունվար 2025

    Նախաձեռնությամբ առաջարկվում է կանոնակարգել կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերի տեսակավորմանը ներկայացվող պահանջները` սահմանելով գունային տարանջատում: Առանց կաթնային յուղի կաթնամթերքի վաճառքի դեպքում տարանջատված դարակաշարը պետք է կանաչ գույն ունենա, իսկ կաթնային յուղի փոխարինիչի դեպքում` նարնջագույն, հայտնում է ԱԺ-ն։

     ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը:

    Կսահմանվեն կամավոր հիմունքով գունային ինքնակպչուն պիտակների վերաբերյալ դրույթը, առևտրի օբյեկտներում և առևտրի վայրերում սպառողի կողմից տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի և հումքի նույնականացման հետ կապված հարաբերությունները: Ըստ այդմ` սպանդանոցային ծագման տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի և հումքի N5 ձևի անասնաբուժական վկայականը կամ պիտակը պետք է փակցվեն սպառողներին տեսանելի տեղում, ինչը մթերքի կամ հումքի ծագումը նույնականացնելու հնարավորություն կտա:

    Զեկուցողի տեղեկացմամբ՝ տնտեսվարողները կամավոր հիմունքներով կարող են իրենց ապրանքը դրոշմավորել կանաչ կամ նարնջագույն գույնով:

    Նիստը վարող պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը հիշեցրել է, որ նախագծի քվեարկությունը հետաձգվել էր` այն լրացուցիչ քննարկելու նպատակով:

    Նախաձեռնությունը քննարկվել է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի 15-ի նիստում և ստացել դրական եզրակացություն:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս