09:31:16 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Բավ է պատերազմը, բավ են հարձակումները, բավ է բռնությունը․ այո երկխոսությանը, այո խաղաղությանը․ Հռոմի Պապ

    19:03 14 Ապրիլ 2024

    Հռոմի Ֆրանցիսկոս պապը մտահոգություն է հայտնել Իրանի գործողություններից հետո Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացման կապակցությամբ և կարգավորման կոչ արել:

     

    «Ես աղոթքով և մտահոգությամբ հետևում եմ Մերձավոր Արևելքում իրադարձություններին, որտեղ իրավիճակը Իսրայելում վատթարացել է Իրանի գործողությունների պատճառով, ես կոչ եմ անում դադարեցնել ցանկացած քայլ, որը կարող է նպաստել բռնության վատթարացմանը և ամբողջ տարածաշրջանը ներգրավելու վտանգ ներկայացնել»,- ասաց նա Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքվածների համար ավանդական կիրակնօրյա քարոզից հետո։

    Հռոմի Ֆրանցիսկոս պապը հորդորել է Իրանին և Իսրայելին խուսափել գործողություններից, որոնք կարող են սնուցել «բռնության պարույրը» Մերձավոր Արևելքում՝ այն ներքաշելով ավելի ավելի խորը հակամարտության մեջ:

    «Բավ է պատերազմը, բավ են հարձակումները, բավ է բռնությունը: Այո երկխոսությանը, այո խաղաղությանը», - ասել է նա Սուրբ Պետրոսի հրապարակում ուխտավորներին:

    Հիշեցնենք,որ Իրանը շաբաթ գիշերն իր տարածքից ավելի քան 300 հարվածային անօդաչու թռչող սարք և հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, ինչն Իսլամական Հանրապետության առաջին ուղիղ հարձակումն էր Իսրայելի վրա: Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին ասել է, որ ընդհանուր առմամբ Իրանը ավելի քան 300 զինատեսակ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ 170 անօդաչու թռչող սարք, 30 թևավոր և 120 բալիստիկ հրթիռ, և որ դրանց 99%-ը որսացել է Իսրայելի հակաօդային պաշտպանությունը:

    ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ զրույցում ասել է, որ Իրանի հարձակnւմն անհաջող էր և որ դա Իսրայելի համար հաղթանակ էր:

    Մինչդեռ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ Իսրայելի ցանկացած նոր արկածախնդրություն կարժանանա ավելի ծանր պատասխանի:

    «Հետևելով մեր երկրի զինված ուժերի պատմական, հզոր և հաղթական գործողությանը՝ ապրիլի 13-ի ռազմական հարձակմանը, որը ծրագրվել և իրականացվել է ի պատասխան Իրանի Իսլամական Հանրապետության նպատակների և շահերի դեմ սիոնիստական ռեժիմի ագրեսիվ գործողությունների, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, երկրի բոլոր պաշտպանական և քաղաքական հատվածների հետ համագործակցությամբ և համակարգմամբ, երեկ երեկոյան նոր էջ է բացել Իրանի հեղինակության պատմության մեջ և դաս տվել սիոնիստ թշնամուն», - ասել է Իրանի նախագահը:

    Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամադ Հոսեյն Բաղերին, մեկնաբանելով Իրանի գիշերային հարձակումն Իսրայելի վրա, հայտարարել է, որ իրենք այս գործողությունը դիտարկում են որպես արդյունք և իրենց տեսանկյունից այն ավարտվել է, այն շարունակելու մտադրություն չկա:

    «Բայց եթե սիոնիստական ռեժիմը որևէ քայլ ձեռնարկի նաև մեր դեմ, մեր հողի վրա կամ Սիրիայում կամ այլ երկրում մեզ պատկանող օբյեկտներում, մեր հաջորդ գործողությունն ավելի մեծ կլինի», - նախազգուշացրել է Բաղերին:

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս