00:23:02 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հիմա Հայաստանը զարգացող ժողովրդավարություն է

    10:37 5 Փետրվար 2025

    Կցանկանայի այս լսարանի ուշադրությունը հրավիրել մի շատ կարևոր թեմայի վրա, որը ժողովրդավարությունն է, ասել է Նիկոլ Փաշինյանը՝ Վաշինգտոնում այցելելով Ատլանտյան խորհուրդ, որտեղ հանդես է եկել ելույթով:

    Հիշեցնենք, որ նա նախ պատասխանել է Ատլանտյան խորհրդի Եվրասիայի կենտրոնի ավագ տնօրեն, Ուզբեկստանում և Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հերբսթի հարցերին: Այնուհետև հանդիպումն անցկացվել է փակ ձևաչափով, որի շրջանակում Նիկոլ Փաշինյանը պատասխանել է փորձագետների մի շարք հարցերի:

    «Շատ կարևոր է շեշտել այն հանգամանքը, որ հիմա Հայաստանը զարգացող ժողովրդավարություն է։ Սա շատ կարևոր է և միջազգային հանրությունն ընդունում է այս փաստը։ Կարծում եմ` այս հանգամանքը, ես նկատի ունեմ ժողովրդավարությունը, շատ կարևոր ազդեցություն ունի մեր արտաքին քաղաքականության վրա, որովհետև երբ երկիրը ժողովրդավարական է, ակնհայտորեն այն փորձելու է խորացնել համագործակցությունը մյուս բոլոր ժողովրդավարական երկրների հետ, և մենք հույս ունենք մեր այս ձգտումը երկկողմանի կլինի։ Փաստացի մենք դա տեսնում ենք և գնահատում»։

    Նա ընդգծել է, որ կշարունակեն ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը։ Միաժամանակ նկատել է, որ ինչպես ամենուր, ժողովրդավարությունը բերում է մարտահրավերներ, բայց նաև բացում է հնարավորություններ․

    «Եվ մենք փորձում ենք կառավարել բոլոր մարտահրավերները, այդ թվում` ներքին, և օգտագործել բոլոր հնարավորությունները մեր երկիրը զարգացնելու նպատակով՝ կենտրոնում պահելով առաջին հերթին անվտանգային օրակարգը։

    Բայց որպես անվտանգության ամենակարևոր շարունակություն մենք տեսնում ենք բարգավաճումն ու երջանկությունը, ազատությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, անկախ դատական համակարգը և, ընդհանուր առմամբ, մեր քաղաքացիների հաջողությունը։ Մենք ուզում ենք, որպեսզի նրանք զգան, որ ժողովրդավարությունն իրապես գործոն է, որն ունակ է ապահովել անվտանգություն, բարգավաճում, ավելի ու ավելի հնարավորություններ բոլոր քաղաքացիների ու Հայաստանում ապրող բոլոր մարդկանց համար։ Մենք հույս ունենք, որ այս բարեփոխումների արդյունքում Հայաստանը կդառնա ավելի գրավիչ երկիր ներդրումների, ապրելու, այցելելու համար։ Սա է մեր քաղաքականությունը, որ մենք փորձում ենք առաջ տանել։

    Իհարկե, մենք զգում ենք, որ Հայաստանի տեսանելիությունը՝ որպես ժողովրդավարական երկիր աճում է, որը շատ ոգևորող է, բայց մյուս կողմից իհարկե, հույս ունենք ավելի շատ տեսանելիություն ապահովել, ավելի շատ աջակցություն ստանալ մեր միջազգային գործընկերներից, ժողովրդավարությունում գրանցած Հայաստանի հաջողության պատմությունը, մարտահրավերների և անվտանգային սպառնալիքների պատմությունը ավելի տեսանելի դարձնել միջազգային հանրության համար, ինչը կարծում եմ` կարող է և կլինի մեր երկրի ու տարածաշրջանի համար կայունության և խաղաղության գործոն»։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս