07:14:26 14°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հանրապետությունում շարունակվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվությունը

    18:44 19 Մարտ 2025

    Հանրապետությունում շարունակվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվությունը։ Այն պայմանավորված է մի քանի գործոնով՝ վիրուսների առանձնահատկություններ, փակ տարածքներում մարդկանց կուտակումներ, վիրուսների փոխանցման մեխանիզմներ։ 

    «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Զարուհի Գրիգորյանը նշեց, որ աշխարհի բազմաթիվ երկրներում ևս սուր շնչառական վարակների առումով համաճարակային իրավիճակը լարված է։ 

    -Տիկին Գրիգորյան, կարմրուկի, գրիպի, սուր շնչառական վարակների առումով  համաճարակային ի՞նչ իրավիճակ է այժմ Հայաստանում:

    -Հայաստանում 2025 թվականին կարմրուկի դեպքեր չեն գրանցվել: Ինչ վերաբերում է գրիպին և սուր շնչառական վարակներին, ապա նախորդ շաբաթվա ընթացքում շարունակվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվություն։ Շարունակաբար իրականացվող լաբորատոր հետազոտությունների արդյունքները փաստում են, որ հանրապետությունում շրջանառվում են գրիպի Բ տեսակի հարուցիչները, իսկ շնչառական այլ վարակներից՝ ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսի հարուցիչը:

    -Իսկ ի՞նչ իրավիճակ է աշխարհում:

    -Աշխարհում կարմրուկի և սուր շնչառական վարակների առումով համաճարակային իրավիճակը լարված է: 2024 թվականին ամբողջ աշխարհում գրանցվել է կարմրուկի 359 հազար 521 դեպք: ԱՀԿ-ն հայտնում է եվրոպական տարածաշրջանում վերջին 25 տարում կարմրուկի ամենաշատ դեպքերի գրանցման մասին: Միայն 2023 թվականին տարածաշրջանում 500 հազար երեխա բաց է թողել կարմրուկի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը: Այս առումով մեր երկրում վիճակը կայուն է, սակայն իրազեկման աշխատանքները շարունակում ենք:

    -Արդեն գարուն է, սակայն, ինչպես ասացիք, շարունակվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվությունը։ Ինչո՞վ է պայմանավորված, նաև՝ ի՞նչ է պետք անել վիրուսներից խուսափելու համար:

    -ՍՇՎ-ների սեզոնի ժամանակահատվածում, բնականաբար, մեծանում է հիվանդանալու հավանականությունը։ Այն պայմանավորված է մի քանի գործոնով՝ վիրուսների առանձնահատկություններ, փակ տարածքներում մարդկանց կուտակումներ, վիրուսների փոխանցման մեխանիզմներ։

    Ի վերջո, կարմրուկի և սեզոնային գրիպի կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է: Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր կազմակերպություններն ապահովված են սեզոնային գրիպի, ինչպես նաև կարմրուկի, կարմրախտի, խոզուկի դեմ համակցված պատվաստանյութերով: Յուրաքանչյուր ոք, ով չի պատվաստվել, կարող է դիմել պոլիկլինիկա/ամբուլատորիա և պատվաստվել:

    -Ո՞րն է առողջապահության նախարարության մասնագետների խորհուրդը, հորդորը, ի՞նչ կանխարգելիչ միջոցառումներ պետք է իրականացվեն:

    -Պատվաստվե՛ք կարմրուկի և սեզոնային գրիպի դեմ, խուսափե՛ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից, եթե հիվանդ եք, մնացե՛ք տանը, հրավիրե՛ք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ, մի՛ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար, հագնվե՛ք եղանակին համահունչ, պահպանե՛ք հազի և փռշտալու վարվելակարգը, օգտագործե՛ք հնարավորինս շատ հեղուկներ, հաճախակի օդափոխե՛ք փակ տարածքները, հետևե՛ք անձնական հիգիենայի կանոններին

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս