12:33:25 8°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Ներդրումների համար մեծ դաշտ է բացվում». Հակոբ Արշակյանը մասնավոր ներդրողներին կոչ է արել Հայաստանում հիմնել քաղաքացիական հրաձգարաններ

    14:20 8 Դեկտեմբեր 2023

    Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի հեղինակած ««Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով:

    Հեղինակի տեղեկացմամբ՝ փոփոխությունների հիմնական նպատակը Հայաստանում զենքի շրջանառության կապակցությամբ ծագող հարաբերությունների կարգավորումն է` ուղղված  քաղաքացու ինքնապաշտպանության իրավունքի օրենսդրական իրացմանը` պատշաճ պաշտպանական միջոցների հասանելիության միջոցով: Փաթեթը միտված է նաեւ սեփականության իրավունքի, ինչպես նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից քաղաքացիական զենքի օգտագործման պայմանների իրավական կարգավորմանը:

    Օրենսդրական փոփոխությունները պետք է կանոնակարգեն նոր ստեղծվող իրավահարաբերությունները քաղաքացիական զենքի շրջանառության ոլորտում, կարգավորեն եւ ներդնեն նոր իրավահարաբերություններ, որոնք ուղղված են տնտեսության, սպորտի եւ հրաձգության զարգացմանը, հնարավոր կոռուպցիոն ռիսկերի հաղթահարմանը, ինքնապաշտպանության եւ անօրինական զենքի քանակի նվազեցմանն ու ստվերային շրջանառությունից աստիճանաբար դուրսբերմանը:

    Վիլեն Գաբրիելյանը հայտնել է, որ Կառավարությունը ներկայացրել է բազմաթիվ առաջարկներ եւ առարկություններ, որոնց մեծ մասն ընդունվել է:

    Նախագծի վերաբերյալ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը:

    Դրական էր նաեւ Կառավարության կարծիքը: Այն ներկայացրել է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

    ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն արտահերթ ելույթում նշել է, որ ոլորտում իրականացվող քայլերը նպատակ ունեն կարգավորել դաշտը: Ըստ ԱԺ փոխնախագահի` փաթեթի ընդունմամբ համապարփակ լուծում կտրվի առկա բոլոր մարտահրավերներին: Հակոբ Արշակյանը մասնավոր ներդրողներին կոչ է արել Հայաստանում հիմնել քաղաքացիական հրաձգարաններ, որոնք կլինեն միջազգային չափանիշներին համապատասխան` պրոֆեսիոնալ մակարդակի:

    «Ներդրումների համար մեծ դաշտ է բացվում»,- կարծում է ԱԺ նախագահի տեղակալը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս