04:53:45 15°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Տեղի է ունեցել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի առաջին նիստը

    19:41 4 Մարտ 2024

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի առաջին նիստը, որում ներկայացվել է ՀՀ գիտատեխնոլոգիական զարգացման ռազմավարության նախագիծը, հայտնում են կառավարությունից։

    Հաղորդագրությունում նշված է․

    «Խորհրդի կազմում ներգրավված են ինչպես պետական հատվածի ներկայացուցիչներ, այնպես էլ ոլորտի մի շարք հայտնի ընկերությունների՝ «Սինոփսիս Արմենիա», «Ինթելինեյր», «ՍԱԴԱ սիստեմս», «Սթրաթեջիք վելյու վենչուրս», «Բիգքընթրոլս», «Պրոջեքթ ինթեգրեյշըն» և այլ ընկերությունների ղեկավարներ:

    Մինչ նախագծի ներկայացումը, Կառավարության ղեկավարը նշել է, որ այս ֆորմատը ձևավորվել է խորհրդի անունից բխող ակնհայտ պատճառներով ու նպատակներով, և շնորհակալություն հայտնել ներկաներին խորհրդում ներգրավվելու, աշխատանքներին մասնակցելու պատրաստակամության համար: «Ակնհայտորեն Հայաստանի Հանրապետությունը զարգացման ճանապարհին ունի բազմաթիվ խոչընդոտներ, և մեր ընկալումն այն է, որ այդ խոչընդոտները հաղթահարելու առաջնային գործիքներից է գիտությունը և սրանից բխող տեխնոլոգիական ոլորտը: Այս ֆորմատում մենք կփորձենք ոլորտի ներկայացուցիչների, Կառավարության և խորհրդարանի գործընկերների մասնակցությամբ ռազմավարությունների մշակման գործում ավելի մեծ ներգրավվածություն ապահովել»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ այսօրվա հանդիպումն այդ պրոցեսի մեկնարկն է, և նիստի արդյունքներով որոշումներ կկայացվեն հետագա աշխատանքի կազմակերպման վերաբերյալ:

    Ազգային ժողովի նախագահի տեղակալ, խորհրդի անդամ Հակոբ Արշակյանը ներկայացրել է ռազմավարության տեսլականը, նպատակը և շրջանակը: Ըստ այդմ՝ ռազմավարության տեսլականը Հայաստանում գիտատեխնոլոգիական ոլորտի թռիչքային աճի ապահովումն է, իսկ նպատակը՝ կրթության, կիրառական գիտության և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտների քաղաքականությունների համապատասխանեցման ու փոխկապակցված զարգացման մեխանիզմի ներդրումն ու իրագործումը:

    «Վերջին երեք տարիներին կտրուկ ավելացել է գիտության ֆինանսավորումը և հատկանշական է, որ հատկապես նպատակային ծրագրային ֆինանսավորման և թեմատիկ ֆինանսավորման ուղղությամբ է աճը տեղի ունենում»,- նշել է Հակոբ Արշակյանը և հավելել, որ Հայաստանում լաբորատոր փորձարկումների համար նախատեսված նվազ կարողություններ կան և անհրաժեշտ է այստեղ առաջնահերթություններ սահմանել ու լաբորատոր կարողությունները նույնպես թիրախավորված զարգացնել: Ըստ Հակոբ Արշակյանի, շատ կարևոր է, որ արդեն կան կապիտալ ներդրումների համար հատկացված միջոցներ: Անդրադառնալով բարձր տեխնոլոգիական ոլորտին՝ նա նշել է, որ վերջին տարիների ընթացքում՝ 2021 թվականին 34 տոկոս, 2022-ին՝ կրկնապատիկ և 2023-ին՝ 44 տոկոս շրջանառության աճ է գրանցվել:

    Նախագծում ներկայացվել են 5 ճյուղեր՝ արհեստական բանականություն և մեքենայական ուսուցում, միկրոէլեկտրոնիկա, ընդլայնված ռոբոտաշինություն, քվանտային տեխնոլոգիաներ, կենսատեխնոլոգիա և գիտություններ, որոնք իրենց մեջ պարունակում են և՛ կրթական, և՛ գիտական, և՛ արդյունաբերական ուղղությունների կոմպոնենտներ: Առաջարկվել է ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք կաշխատեն գործադիր մարմնի շրջանակներում՝ ի նպաստ վերոնշյալ ճյուղերի զարգացման և ներդրումների արդյունավետության բարձրացման:

    Վարչապետ Փաշինյանն ընդգծել է. «Կարծում եմ, որ խորհրդի աշխատանքային խմբերը պետք է աուդիտի ենթարկեն մեր այս երեք ուղղություններով իրականացվող քաղաքականություններն ու գնահատեն, թե այդ քաղաքականություններն ինչքանով են նպաստում այս ճյուղերի հետագա զարգացմանը, գնահատեն այդ նպաստը: Եթե այդ նպաստը քիչ է, ապա ի՞նչ պետք է անել դա առավել արդյունավետ դարձնելու համար»:

    Ծավալվել է մտքերի փոխանակություն նախագծում բարձրացված հարցերի, խնդիրների լուծման և մեխանիզմների հասցեագրման շուրջ: Մասնավորապես, առաջարկություններ և դիտարկումներ են ներկայացվել նշված ուղղություններով զարգացման մեխանիզմների ներդրման շուրջ:

    Վարչապետը շնորհակալություն է հայտնել արդյունավետ քննարկման համար և հույս հայտնել, որ համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի անհրաժեշտ լուծումներ գտնել հայեցակարգային հարցերին և իրագործել նախանշված ծրագրերը»:

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս