13:04:41 17°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Գիտուժ»-ի անդամները Վահրամ Դումանյանին առաջարկել են իրականացնել արտերկրի հայ գիտնականների քարտեզագրում

    18:21 21 Հունվար 2022

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր՝ հունվարի 21-ին, ընդունել է «Գիտուժ» նախաձեռնության անդամներին:

    ԿԳՄՍՆ-ից  հայտնում են, որ նախարար Վահրամ Դումանյանը, կարևորելով նմանօրինակ ձևաչափով հանդիպումները, նշել է, որ համատեղ ուժերով պետք է իրականացնել գիտության զարգացմանն ուղղված քայլեր: Կյանքի կոչվող ծրագրերի բարեփոխումներից և ծավալի ավելացումից զատ, ըստ նախարարի, այս տարի կիրականացվեն թեմատիկ ֆինանսավորմանն ուղղված նոր ծրագրեր, որոնք կնպաստեն Սփյուռքի գիտական ներուժի ներգրավմանը:

    «Մեր նպատակը նույնն է. ցանկացած լավ գաղափար պետք է անընդհատ սնուցել և  անել հնարավորը՝ արտերկրի մեր գիտնական հայրենակիցների շրջանում վստահություն ներշնչելու և նրանց համար նպաստավոր պայմաններ ստեղծելու համար, որպեսզի կարողանան Հայաստանում բնակվող իրենց գործընկերների հետ իրականացնել համատեղ նախագծեր: Գիտության զարգացման համար պատասխանատու պետական կառույցները և «Գիտուժ» նախաձեռնությունն իրենց փորձով, գիտելիքներով, հմտություններով և առկա գործիքակազմով պետք է աջակցեն միմյանց՝ համատեղ ուժերով հասնելու վերոնշյալ նպատակների իրականացմանը՝ երկարաժամկետ կտրվածքով հաջողության գրանցելու նպատակով»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ գիտության զարգացման հարցում առաջնային է արդյունքի չափելիության մեխանիզմների մշակումը:

    Նա նաև ընդգծել է, որ պետական բյուջեի հատկացումները պետք է ծառայեցնել հստակ խնդիրների լուծմանը:

    Ըստ «Գիտուժ» նախաձեռնության անդամների՝ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն ունի գիտության ֆինանսավորմանն ուղղված հետաքրքիր և արդյունավետ ծրագրեր, որոնց առաջխաղացման, ինչպես նաև տեղի ու արտերկրի հայ գիտնականներին դրանց մասին իրազեկելու և նրանց ներգրավելու համար անհրաժեշտ է մարքեթինգային արհեստավարժ ու մրցունակ թիմ:

    Նրանք բարձրաձայնել են այս տարի Գիտության կոմիտեի կողմից թեմատիկ ֆինանսավորմանն ուղղված ծրագրերի մասին, որոնք ենթադրում են արտերկրում բնակվող հայ գիտնականի՝ Հայաստանում լաբորատորիա ստեղծելու և գիտական գործունեություն ծավալելու հնարավորություն: Այդ նպատակով նախաձեռնության անդամներն առաջարկել են իրականացնել արտերկրի հայ գիտնականների քարտեզագրում և թիրախավորված նրանց հասանելի դարձնել պետական աջակցությամբ տրամադրվող ծրագրերի և Հայաստանում գործունեություն ծավալելու կամ համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորության մասին:

    Այդ գործընթացում նախաձեռնության անդամները պատրաստակամություն են հայտնել մասնակցել մարքեթինգային թիմի ձևավորմանն ուղղված աշխատանքներին, թիմի անդամների հետ իրականացնել շարունակական վերապատրաստումներ և ներգրավվել ծրագրերի հաջողության չափելիության և գնահատման ռազմավարության գործընթացներում:

    Հանդիպման ավարտին համատեղ քննարկումները շարունակելու պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ի նպաստ Հայաստանում գիտության առաջընթացի և ոլորտում առկա խնդիրների լուծման:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ