23:20:15 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Առաջին անգամ ՀԱՊԿ-ի նախագահող երկիրը չկարողացավ ստանալ այն, ինչ ցանկանում էր. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)

    18:45 24 Նոյեմբեր 2022

    Հայաստանին չհաջողվեց լեզու գտնել անվտանգային այն կառույցի հետ, որի անդամ է ինքը: Սա մեր ձախողումների հերթական դրսևորումն է:

    «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով երեկ Երևանում կայացած ՀԱՊԿ խորհրդի նիստին, որի ընթացքում այդպես էլ որևէ համատեղ հայտարարություն կամ փաստաթուղթ չընդունվեց՝ Հայաստանի բարձրացրած հարցի վերաբերյալ:

    Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է ստորագրել Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին ՀԱՊԿ փաստաթուղթը՝ պարզաբանելով, որ այն թերի է և լրամշակման կարիք կա:

    Մեր դիտարկմանը, արդյո՞ք այսպիսով հայկական կողմն ինքը չի վիժեցնում գործընթացը, Արթուր Խաչատրյանն ասաց, որ ինքը ևս նման մտահոգություն ունի.

    «Ես չգիտեմ՝ ի՞նչ էր առաջարկվում Հայաստանին այդ փաստաթղթով և ի՞նչ քննարկումներ են տեղի ունեցել, այդ մտահոգությունները տեղին են: Իմ հիշողության մեջ սա առաջին դեպքն է, որ ՀԱՊԿ նախագահող երկիրը չի կարողանում նրանից ստանալ այն, ինչ ինքն էր ցանկանում, հարց է առաջանում՝ էլ ինչու էր նախագահում»,-ասաց Խաչատրյանը:

    Նշենք, որ ՀԱՊԿ-ը առաքելություն էր ուղարկել Հայաստան՝ սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայից հետո ու եզրակացություն շրջանառել, որի հիման վրա պետք է որոշվեր Հայաստանին ցուցաբերվելիք օգնության տեսակը, ինչը, փաստորեն, տեղի չունեցավ։ Այս օրերին Հայաստանում են նաեւ ԵՄ դիտորդները, սակայն դա չի խանգարում Ադրբեջանին շարունակել կրակոցները ու վերջին օրերին ՀՀ ՊՆ-ն մշտապես բարձրաձայնում ադրբեջանցիների կողմից մեր դիրքերի ուղղությամբ արձակվող կրակոցների մեջ։ Այսինքն՝ անգամ ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը չի զսպում թշնամուն:

    Պատգամավորի համոզմամբ՝ սամանին ոտնձգություններ կլինեն այնքան ժամանակ, քանի Հայաստանն ինքը չի ցանկանում պաշտպանել իր սահմանները:

    Արթուր Խաչատրյանը շեշտեց՝ որևէ դիտորդական առաքելություն, անկախ նրանից, թե որտեղից է ժամանել և ինչ առաքելություն ունի, չի կարող ապահովել մեր երկրի անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը.
    «Դրա միակ երաշխավորը սեփական բանակն է, որի հզորացումը սրտի, ցավոք, այսօր չենք տեսնում: Քանի դեռ դու չունես բանակ, որն ունակ է պաշտպանել երկրի և ժողովրդի անվտանգությունը, նման ելուզակային սադրանքներ անընդհատ կլինեն»,-ասաց Խաչատրյանը:

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս