05:26:02 29°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ուրախ եմ, որ ՀՀ-ում Սիրիան ներկայացնում է հայազգի դիվանագետ․ Ալեն Սիմոնյանը՝ դեսպանին

    16:13 28 Հունիս 2022

    Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 28-ին ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Նորա Արիսյանին: ԱԺ նախագահը շնորհավորել է վերջինիս Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ:

    «Ուրախ եմ, որ Հայաստանում Սիրիան ներկայացնում է հայազգի դիվանագետ: Կարծում եմ, որ Ձեր նշանակումը մեր բարեկամ երկրների համար նաեւ խորհրդանշական է, եւ մոտ ապագայում շատ առիթներ կլինեն արդեն գործնական հանդիպումների համար»,- ասել է Ալեն Սիմոնյանը: ՀՀ ԱԺ նախագահը ցավով է նշել այս տարիների ընթացքում սիրիացի բարեկամ ժողովրդի, այդ թվում՝ սիրիահայ համայնքի զրկանքների մասին:

    Միեւնույն ժամանակ, նա համոզմունք է հայտնել, որ սիրիացիները, ինչպես եւ հայ ժողովուրդը, կհաղթահարեն երկարատեւ ճգնաժամի ծանր հետեւանքները եւ առաջընթացի փուլ կմտնեն: Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Սիրիայի դպրոցական դասագրքերում Հայոց ցեղասպանության թեման ներառելու դեսպանի նախաձեռնության համար: Կողմերն անդրադարձել են Հայաստանի եւ Սիրիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում միջխորհրդարանական համագործակցությանը՝ շեշտելով բարեկամության խմբերի դերակատարումը:

    Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը շարունակում է իր ջանքերը՝ տարածաշրջանում տեւական կայունություն հաստատելու ուղղությամբ: Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը բարի երթ է մաղթել Սիրիայի դեսպանին դիվանագիտական առաքելության գործում՝ հավելելով, որ պատրաստ է աջակցել նրա ցանկացած նախաձեռնությանը՝ ի նպաստ երկու երկրների համագործակցության զարգացման եւ խորացման:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս