17:50:46 25°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Վերաքննիչ դատարանը հստակ նշել է՝ Ստեփանակերտի քաղաքապետին ազատությունից զրկելու հիմքեր չեն եղել․ Փաստաբան

    22:10 24 Հունիս 2024

    Հունիսի 13-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավանի նստավայրում դատավոր Մասիս Մելքոնյանը քննեց Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու քննիչի միջնորդությունը և որոշեց կիրառել 2 ամիս ժամկետով տնային կալանք։ Ավելի վաղ՝ մայիսի 26-ին Դավիթ Սարգսյանը դատարանի որոշմամբ կալանավորվել էր 20 օրով, իսկ մինչ այդ իրավապահները խուզարկել էին քաղաքապետի բնակարանը։

     

    168.am-ի հետ զրույցում օկուպացված Արցախի փաստաբանների պալատի անդամ, Դավիթ Սարգսյանի շահերի պաշտպան Ռոման Երիցյանն ասել է, որ Վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Դավիթ Սարգսյանի կալանքի որոշումը, խոսքը վերաբերում է 20 օրով կալանքին։

     

    «Տնային կալանքի վերաբերյալ ունենք վերաքննիչ բողոք, որի պատասխանը դեռևս չկա։ Ըստ էության, սա հանգեցնում է հետևյալ հետևանքին, որ եթե Վերաքննիչ դատարանը ճանաչում է, որ քաղաքապետին կալանավորելու հիմքեր չեն եղել, այսինքն՝ նրան սխալ են կալանավորել, թե՛ առաջին ատյանի դատարանն է նման սխալ որոշում կայացրել, թե՛ քննիչն է սխալ արել, որ նման միջնորդությամբ դիմել է։ Սա վերաքննիչ դատարանի արձանագրածն է։

     

    Քանի որ Վերաքննիչ դատարանի որոշումը կայացնելու պահին քաղաքապետի կալանավորման 20-օրյա ժամկետը լրացել էր և, ըստ էության, խափանման այդ միջոցն այլևս չկար, ուստի Վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի որոշումն այս մասով բեկանել չկարողացավ, որովհետև արդեն իմաստազրկված էր»,- նշել է Ռոման Երիցյանը։

     

    Փաստաբանի գնահատմամբ՝ նույն տրամաբանությամբ տնային կալանքի մասին դատարանի կայացրած վերջին որոշումն էլ պետք է ճանաչվի ոչ իրավաչափ։

     

    «Մենք Դավիթ Սարգսյանին ապօրինի անազատության մեջ պահելու հիմքով հատուցման հայցապահանջ ենք ներկայացնելու։ Ավելի քան վստահ եմ, որ Վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչելու նաև տնային կալանքի որոշումը և երկու ամիսը դեռ չլրացած՝ քաղաքապետը հայտնվելու է ազատության մեջ։

     

    Վերաքննիչը հստակ նշել է, որ քաղաքապետին ազատությունից զրկելու հիմքերը բացակայում էին․ սա նշել է սևով սպիտակի վրա, իսկ ազատությունից զրկելը կարող ենք դիտարկել թե՛ կալանքը, թե՛ տնային կալանքը»,- շեշտել է Ռոման Երիցյանը։

    Հիշեցնենք, որ Դավիթ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առերևույթ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու հիմքով։

     

    Հիշեցնենք՝ այս պահին կալանավորված է օկուպացված Մարտակերտի քաղաքապետը, իսկ Ասկերանի քաղաքապետի նկատմամբ կիրառվում է տնային կալանք խափանման միջոցը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ