08:44:10 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Փաշինյանը արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին

    13:50 8 Հունվար 2025

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Արմենպրես»-ի խնդրանքով արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հունվարի 7-ին ադրբեջանական հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին:

    - Պարոն վարչապետ, Ադրբեջանի նախագահը տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ագրեսիվ հայտարարություններ է արել Հայաստանի Հանրապետության հասցեին: Ո՞րն է Ձեր գնահատականը:

    - Թերևս Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել: Արվում են ագրեսիվ հայտարարություններ՝ հաշվարկով, թե Երևանից կհնչեն ագրեսիվ պատասխաններ, ինչը Բաքվին հնարավորություն կտա ավելի ագրեսիվացնել սեփական հայտարարությունները՝ սա զուգորդելով Հայաստանի բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին կեղծ տեղեկությունների տարածմամբ՝ տարածաշրջանում նոր էսկալացիայի «հիմնավորում» ձևավորելու համար: Մենք չենք գնալու այս ճանապարհով, հավատարիմ ենք մնալու խաղաղության ռազմավարությանը և հետևողականորեն շարունակելու ենք խաղաղության օրակարգի իրագործումը: Սա նշանակում է՝ կիրառելու ենք ոչ թե ագրեսիվության, այլ երկխոսության լեզու: Մենք շարունակելու ենք կենտրոնացած մնալ սահմանազատման, խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման, «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործման, հումանիտար հարցերի, այդ թվում՝ անհետ կորածների ճակատագրի պարզաբանման խնդիրների վրա:   

    - Ադրբեջանի նախագահը Հայաստանին մեղադրում է ֆաշիստական պետություն լինելու մեջ: Սա նո՞ւյնպես մտնում է Ձեր նշած տրամաբանության մեջ: 

    - Անկասկած, որովհետև հաշվարկն այն է, որ արձագանքը կլինի՝ ֆաշիստը դու ես, և իմ նկարագրած գալարը կսկսի լարվել: Բայց կա մյուս մոտեցումը. արձանագրենք, որ Ադրբեջանում Հայաստանի մասին այսպիսի ընկալում կա և փորձենք հասկանալ, թե ի՞նչն է դրա պատճառը: Մյուս կողմից ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում նույնպես նման ընկալում կա Ադրբեջանի մասին: Հենց փոխադարձ այս ընկալումներն են, որ բերել են բազմամյա հակամարտության: Բայց խաղաղության ռազմավարությունն այն է, որ մենք արձանագրենք, որ Ադրբեջանում մեր մասին նման ընկալում կա, նրանք էլ արձանագրեն, որ Հայաստանում իրենց մասին նման ընկալում կա: Այդ ընկալումները քննարկելու, հասցեագրելու մասին է խաղաղության օրակարգը: Խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցված հոդվածների մի մասը փակում է այդ ընկալումներից մի մասի էջը, մյուս մասերով էլ հնարավորություն է տալիս, որ բոլոր փոխադարձ բացասական ընկալումները երկկողմ օրակարգի մաս դարձնենք և հասցեագրենք դրանք: Հավելեմ, որ Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ առաջարկել ենք լուծումներ և Ադրբեջանի դրական պատասխանի դեպքում պատրաստ ենք ստորագրել պայմանագիրը: 

    - Ադրբեջանի նախագահը կրկին խոսել է միջանցքի մասին՝ ասելով, որ այն պետք է բացվի և կբացվի: Ի՞նչ է սա նշանակում:

    - Հայաստանի Հանրապետությունը սեղանին է դրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և պատրաստվում է այն իրագործել. մեր օրակարգում այլ նախագիծ չկա: «Խաղաղության խաչմերուկը» ենթադրում է տարածաշրջանի բոլոր տրանսպորտային կոմունիկացիաների բացում, ներառյալ Ադրբեջան-Ադրբեջան՝ Հայաստանի տարածքով և Հայաստան-Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով: Արդեն առիթ ունեցել եմ հայտարարելու, որ մենք Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին բացելու շատ կոնկրետ առաջարկ ենք արել Ադրբեջանին: Դա ավելին է քան առաջարկը, դա կոնկրետ հարցերի կոնկրետ լուծում է, և մենք սպասում ենք Ադրբեջանի դրական արձագանքին, որից հետո կայացած համաձայնությունը կարձանագրվի թղթի վրա, և մենք կսկսենք երկաթուղու մեր հատվածների շինարարությունը:  

    - Իսկ ի՞նչ կասեք այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» մասին Ալիևի երեկվա հայտարարության մասին:

    - Այս թեմայով նոր բան չի ասվել, որ ես նոր արձագանք ունենամ: Իսկ նախորդ ասածներին արձագանքել եմ «Արմենպրես»-ին տված նախորդ հարցազրույցում: Վերահաստատում եմ իմ այդ արձագանքը: 

    Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս