20:45:17 21°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Վարչապետն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին

    21:43 13 Սեպտեմբեր 2021

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և նրա գլխավորած պատվիրակությանը:

    Դինամիկ գնահատելով ՀՀ-ԵՄ գործակցությունը՝ վարչապետը կարևորել է այս տարի հուլիսին Եվրոպական խորհրդի նախագահի, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարի այցերը մեր երկիր և նշել, որ ներկայում Կառավարությունն աշխատում է այդ այցերի արդյունքներով Հայաստանին ԵՄ կողմից տրամադրված 2,6 մլրդ եվրո ֆինանսական փաթեթի առաջնահերթությունների վերջնականացման ուղղությամբ:

    Տոյվո Կլաարը վերահաստատել է ԵՄ քաղաքական հանձնառությունը՝ շարունակելու օժանդակությունը մեր երկրին, Հայաստանի կողմից առաջնահերթ համարվող ուղղություններով:

    Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգի հարցեր: Անդրադարձ է եղել ենթակառուցվածքների, առևտրատնտեսական, գործարար և այլ ոլորտներում կապերի զարգացման հեռանկարներին:

    ՀՀ վարչապետը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ:

    Երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցությունների վերսկսման կարևորությունը:

    Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության այլ հարցերի ևս, մտքեր փոխանակել տրանսպորտային հաղորդակցության ուղիների բացման շուրջ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս