15:10:54 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ԼՂ-ում անկախ դիտորդների բացակայության պայմաններում չկան փոխհրաձգության խնդիրները կարգավորելու մեխանիզմներ

    12:45 14 Հունվար 2022

    Օրերս հրապարակվել է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության այս տարվա զեկույցը, ուր առանձին գլուխ նվիրված է հետպատերազմյան շրջանում, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերում անցած տարվա հայաստանյան զարգացումներին

    2020 թվականի զինադադարը դադարեցրեց վեցշաբաթյա պատերազմը Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում, սակայն պարբերական փոխհրաձգությունները հետպատերազմյան շրջանում ստեղծում են անկայուն իրավիճակ, պնդում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության այս տարվա Հայաստանին վերաբերող զեկույցը:

    Ըստ հրապարակման՝ ռազմական գործողությունների շարունակվող միջադեպերը սպառնում են Լեռնային Ղարաբաղի գյուղերում և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով բնակվող խաղաղ բնակիչների անվտանգությանը, մեծամասամբ հայկական կողմի։ Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների անկախ դիտորդական առաքելության բացակայության պայմաններում չկան համապատասխան մեխանիզմներ՝ միջսահմանային փոխհրաձգության և այլ զարգացումների հետևանքով առաջացած խնդիրները կարգավորելու համար, ասում է Human Rights Watch-ը:

    Իր զեկույցում իրավապաշտպան կազմակերպությունը փաստում է՝ Ադրբեջանում շարունակում են կալանքի տակ պահել և դատապարտել տարբեր ժամկետների ազգությամբ հայ կալանավորների։ Բազմաթիվ հայ ռազմագերիներ ենթարկվել են դաժան և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և խոշտանգումների ադրբեջանական ուժերի կողմից գերևարության ընթացքում կամ կալանավայրերում: Դրա հետ մեկտեղ, իրավապաշտպան կազմակերպությունը անդրադառնում է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ականների պայթեցման դեպքերին և ադրբեջանական կողմից գրանցված զոհերին` ընդգծելով, որ, ըստ հրապարակումների, Լեռնային Ղարաբաղի շուրջ ընկած բոլոր յոթ շրջաններում տեղադրված են մեծ քանակությամբ ականներ:

    Զեկույցն ընդհանուր առմամբ անդրադառնում է նախորդ տարվա ընթացքում Հայաստանում մարդու իրավունքների և ժողովրդավարության զարգացման ոլորտներում արձանագրված միտումներին, ներառյալ հետպատերազմյան զարգացումներին, իրավապահ մարմինների գործունեությանը, խոսքի ազատությանը, սոցիալական մի շարք խմբերի իրավունքների խախտումներին և միջազգային դերակատարների արձագանքներին Հայաստանում և դրա շուրջ ընթացող զարգացումներին:

    Ըստ HRW-ի՝ հայկական կողմի պարտությանը հաջորդած քաղաքական ճգնաժամը Հայաստանոմ որոշակիորեն հաղթահարվեց հունիսյան արտահերթ ընտրությունների միջոցով, որը հանգեցրեց իշխող կուսակցության վճռական հաղթանակին և վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի վերահաստատմանը։ Միջազգային դիտորդները ընտրությւոննները որակել են ընդհանուր առմամբ մրցունակ և համապատասխան միջազգային չափանիշներին, պնդում է զեկույցը:

    Կազմակերպության կարծիքով, ձգտելով պայքարել ատելության խոսքի դեմ, գործող իշխանությունը ընդունեց օրենքներ, որոնք կարող են խաթարել խոսքի ազատությունը: Զեկույցը նաև մտահոգություն է հայտնում ընտանեկան բռնության, խտրականության, սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության վրա հիմնված ոտնձգությունների պահպանման կապակցությամբ: HRW-ի զեկույցը շեշտում է՝ Հայաստանը չունի համապարփակ հակախտրական օրենսդրություն:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս