23:25:56 27°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ԱՄՆ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ գործածկցության շրջանակի ընդլայնմամբ. ԱՆ-ում ընդունել են ԹՊԻՀ միջազգային բյուրոյի պատվիրակությանը

    23:36 21 Մայիս 2024

    Արդարադատության նախարարի տեղակալներ Կարեն Կարապետյանը և Լևոն Բալյանն ընդունել են ԱՄՆ Պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ Բրենդոն Յոդերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (ԹՊԻՀ) տնօրեն Ալեքսիս Հաֆտվանին։

     

    ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ հայկական կողմը շնորհակալություն է հայտնել Արդարադատության նախարարության ու ԹՊԻՀ գրասենյակի միջև ձևավորված կայուն համագործակցության շրջանակի համար, որի արդյունքներով գրանցվել են զգալի հաջողություններ հակակոռուպցիոն և քրեակատարողական ծառայության ոլորտներում։ Մասնավորապես, աջակցություն է ցուցաբերվել հակակոռուպցիոն ռազմավարական փաստաթղթերի մշակմանը, քրեակատարողական հիմնարկներում փաստաբան-վստահորդ հաղորդակցությունը տեսազանգի միջոցով կազմակերպմանը, ինչպես նաև նախարարությունից մեկնարկած Պարեկային ծառայության ներդրմանը։

     

    ԹՊԻՀ գրասենյակի գործընկերները նշել են, որ ԱՄՆ-ն հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության շրջանակի ընդլայնմամբ, որտեղ առանցքային դերակատարում կունենան նաև արդարադատության ոլորտի բարեփոխումները։

     

    Այս լույսի ներքո հայկական կողմը ներկայացրել է դատաիրավական, հակակոռուպցիոն, քրեակատարողական ու պրոբացիայի ռազմավարական ոլորտներում վերջին տարիներին գրանցած զգալի առաջընթացը, ինչպես նաև առաջիկայում նախատեսված միջոցառումները: Քննարկվել է նաև վերջիններիս իրականացման շրջանակներում ԹՊԻՀ հնարավոր աջակցությունը։

     

    Նախարարի տեղակալները ողջունել են ԹՊԻՀ գրասենյակի կողմից 2024 թ. մեկնարկած Հակակոռուպցիոն բարեփոխումների խթանմանն ուղղված ծրագիրը (Advancing Comprehensive Anti-Corruption Reforms project) և ԹՊԻՀ պատրաստակամությունը նախարարության հետ համագործակցության ընդլայնելու ու այս ծրագրի շրջանակներում հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացման աջակցելու համար:

     

    Հանդիպման շրջանակներում մանրամասն անդրադարձ է կատարվել նաև քրեակատարողական ու պրոբացիայի ոլորտի բարեփոխումներին, մասնավորապես շեշտվել է քրեակատարողական հիմնարկների անվտանգային կառավարման նոր մոդելի ներդրման անհրաժեշտությունը` անվտանգային կառավարման ստորաբաժանումում պաշտոնի նշանակման համար նախատեսված կարգավորումների ամբողջական վերանայմամբ։ ԹՊԻՀ գրասենյակը այս ոլորտում ևս կդիտարկի նախարարությանն աջակցության տրամադրման հնարավորությունը։

     

    Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու և առավել խորացնելու նախարարության ու ԹՊԻՀ գրասենյակի միջև արդյունավետ համագործակցությունը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս