13:13:52 4°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • 9 ամիսների ՀՀ պետական բյուջեի կատարումը պլանից շեղվել է շուրջ 283.8 մլրդ դրամով․ «Լույս» հիմնադրամ

    13:32 19 Նոյեմբեր 2022

    «ԼՈՒՅՍ» հիմնադրամն ուսումնասիրել է 2022թ. առաջին 9 ամիսների ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։

    Ուսումնասիրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ․

    «2022թ.-ի 9 ամիսներին հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունն ամբողջական պահանջարկի վրա եղել է զսպող, նախապես պլանավորված չեզոքի փոխարեն։ Թեև տնտեսության ներկայիս «գերտաքացման» պայմաններում զսպող հարկաբյուջետային քաղաքականության իրականացումը արդարացված է, այնուամենայնիվ անհրաժեշտ է ծայրաստիճան զգույշ լինել, քանի որ նման քաղաքականության իրականացումը սովորաբար առաջին հերթին զսպող ազդեցություն է ունենում սպառման և ներդրումների վրա, որոնց կրճատումը կարող է վտանգավոր ազդեցություն թողնել տնտեսության վրա։

    Պետական բյուջեի եկամուտների գերակատարման և ծախսերի թերակատարման արդյունքում 2022թ.-ի 9 ամիսների արդյունքներով ձևավորվել է պետական բյուջեի հավելուրդ՝ պլանավորված պակասուրդի փոխարեն։

    Պետական բյուջեի ծախսերը ճշտված պլանի համեմատ թերակատարվել են։ Թերակատարվել են թե՛ ընթացիկ, և թե՛ կապիտալ ծախսերը։ Թերակատարման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են:

    Թերակատարումներ են արձանագրվել պատասխանատու բոլոր մարմինների ծրագրերի գծով: Այսինքն՝ չնայած այն փաստին, որ բյուջեով գումարը նախատեսվում և հատկացվում է, ծրագրերն ամբողջությամբ կամ մասնակիորեն չեն իրականացվում, ինչը, թերևս, վկայում է պետական մարմինների ոչ բավարար արդյունավետ աշխատանքի մասին:

    Կապիտալ ծախսերի թերակատարումը հիմնականում ՀՀ կառավարության կողմից պլանավորված ծախսերն ամբողջությամբ և սահմանված ժամկետում կատարելու հանձնառության ապահովման անընդունակության արդյունք է։ Կասկածից վեր է, որ զսպող հարկաբյուջետային քաղաքականությունը չպետք է իրականացվի կապիտալ ծախսերի հաշվին: Ավելին, ներքին պահանջարկի ներկայիս կտրուկ աճի պայմաններում, խիստ անհրաժեշտ է, որ կառավարությունը նպաստի առաջարկի ավելացմանը, ինչի լավագույն միջոցներից մեկը հենց նպատակային կապիտալ ծախսեր կատարելն է:

    Թերակատարման պատճառներից առանձնահատուկ պետք է նշել այն, որ շատ հաճախ, բյուջեով պլանավորվում են բավական անիրատեսական (կամ առնվազն՝ իրականացման առումով ոչ բավարար չափով հիմնավորված) ցուցանիշներ: Ընդ որում, այս դիտարկումը տեղին է ինչպես նախորդ տարիների պետական բյուջեների, այնպես էլ անգամ 2023թ. պետական բյուջեի նախագծի դեպքում։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ պարզապես բյուջեին «ականջահաճոյություն» հաղորդելու համար դրանում ի սկզբանե պլանավորվում են անիրատեսական ցուցանիշներ, իսկ հետագայում՝ տարվա ընթացքում, կառավարությունը դրանք իրականացնելու ուղղությամբ բավարար գործնական քայլեր չի ձեռնարկում:

    Ներկա իշխանության բոլոր տարիների համար տխուր ավանդույթ է դարձել բյուջեով պլանավորված կապիտալ ծախսերի թերակատարումը։

    Փաստացիորեն՝ բյուջեի կատարումը պլանից շեղվել է շուրջ 283.8 մլրդ դրամով»:

    Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով՝ https://bit.ly/3V762ig

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս