17:49:00 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Արցախում կորոնավիրուսից 40-ամյա կին է մահացել՝ առանց ուղեկցող հիվանդությունների

    20:57 25 Հոկտեմբեր 2021

    Կորոնավիրուսի համավարակի վիճակն Արցախում գնալով վատանում է: Վերջին տասն օրվա ընթացքում օրական տասնյակ նոր դեպքեր են արձանագրվում: Այժմ տարբեր բուժհիմնարկներում բուժում են ստանում ավելի քան 140 հիվանդներ, որոնցից 76-ի վիճակը ծանր է, ներառյալ՝ 10 ծայրահեղ ծանր դեպք: Մեր բուժաշխատողները հսկայական աշխատանք են կատարում, սակայն մահճակալային ֆոնդի ծանրաբեռնվածությունը մոտենում է առավելագույն մակարդակի: Այս մասին գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը

    «Վերջին օրերին ևս չորս մահ է գրանցվել, որից մեկը շուրջ 40 տարեկան կին էր՝ առանց ուղեկցող հիվանդությունների, բայց թոքերի բարձր տոկոսով ախտահարմամբ:

    Ցավոք, մեզնից յուրաքանչյուրը ու հատկապես մեր խոցելի հարազատները կարող են լինել հաջորդ մահվան կամ ծայրահեղ ծանր դեպքի զոհը:
    Ուստի, հորդորում եմ՝

    1. Ամենուրեք պահպանել անվտանգության կանոնները՝ չվարակվելու և չվարակելու համար, ինչպես նաև հանրային անհանդուրժող վերաբերմունք ցուցաբերել անվտանգության կանոնները չպահպանող անձանց հանդեպ, քանի որ նրանք վտանգի տակ են դնում այլոց (այդ թվում՝ ձեր) կյանքն ու առողջությունը:

    2. Առանց տատանվելու գնալ և պատվաստվել, քանի որ դա բազմապատիկ անգամ նվազեցնում է վարակվելու և հատկապես մահանալու ու առողջությունը խեղելու հավանականությունը: Որքան էլ պատվաստումների մասին տարբեր տեղեկություններ լսեք, միևնույն է՝ անառարկելի փաստ է, որ բարձր տոկոսով պատվաստված հասարակություններում ծանր ու մահվան դեպքերը բազմապատիկ անգամ ավելի քիչ են:

    Եվ այս ճշմարտությունը վկայում են նաև վերջին շաբաթվա ընթացքում ՌԴ-ում ու ԱՄՆ-ում իմ ունեցած փորձառությունը և զրույցները ծանրակշիռ մասնագետների հետ:

    Ի դեպ, չեմ բացառում, որ վիճակի վատթարացման պարագայում մենք կարող ենք գնալ պատվաստումը որոշ չափով պարտադրող մեխանիզմների կիրառման, ինչպես արել և անում են բազմաթիվ զարգացած երկրներ:

    3. Խուսափել մեծ կուտակումներով վայրեր այցելելուց:

    4. Չտրվել գիտականորեն չապացուցված տեղեկություններին ու առասպելներին, քանի որ դրանք նույնքան վտանգավոր են ձեր կյանքի համար, որքան՝ կորոնավիրուսը:

    Առողջություն, զգոնություն ու ողջախոհություն եմ մաղթում ձեզ»,- գրել է Բեգլարյանը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս