05:49:53 18°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Անհնազանդության ակցիաների ժամանակ 21 անձ է բերման ենթարկվել

    12:27 16 Մայիս 2022

    Երեւանում առավոտյան սկսված անհնազանդության ակցիաների ժամանակ  21 անձ է բերման ենթարկվել ոստիկանական բաժիններ։

    Ոստիկանությունից փոխանցեցին, որ քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):

    Նշենք, որ այսօր՝ մայիսի 16-ին, «Դիմադրության» շարժումը 5 ուղղություններով ավտոերթեր է անցկացնում: Հատկանշական է, որ ոստիկանությունը խոչընդոտում է  «Դիմադրության» շարժման ավտոերթերին։ Մասնավորապես՝ Աշտարակի խճուղուց մեկնարկած ավտոերթի ճանապարհը ոստիկանության աշխատակիցներ փակել էին։

    «Դուք դրդում եք, որ մենք հանդիպակացը փակենք, դուք հրահանգ եք ստացել, որ երթի դեմն առնեք, բայց մեր դեմը փակ ճամփաներ չեն լինելու, մայոր ջան: Հեսա կբացվի, կտեսնեք: Դուք ոչ պրոֆեսիոնալ եք աշխատում»,– դիմելով ոստիկաններին՝ ասել էր ակցիայի մասնակիցներից մեկը:

    Որոշ ժամանակ անց ճանապարհը բացվեց եւ ավտոերթը շարունակվեց։

    Քիչ անց էլ «Դիմադրության» շարժման ավտոերթերից մեկի ընթացքում միջադեպ գրանցվեց: Բագրատունյաց պողոտայում ոստիկանները կանգնեցրել էին ավտոերթի մասնակիցներից մեկի  ավտոմեքենան, որից հետո ավտոերթի մյուս ավտոմեքենաների վարորդները եւս դուրս էին եկել մեքենաներից:

    Ոստիկանները փորձում էին բերման ենթարկել այդ վարորդին, սակայն վերջինս չէր համաձայնում գնալ ոստիկանության բաժին: Մի պահ իրավիճակը լարվեց, սակայն որոշ ժամանակ անց հանդարտվեց, ոստիկանները բերման չենթարկեցին այդ քաղաքացուն:

    Կարճ ժամանակ անց արդեն ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ավտոերթերի մասնակիցներին։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ