20:54:58 11°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ԼՂ հակամարտությունը մնում է չլուծված. Մոսկվայում կայացել է Փաշինյան-Պուտին հանդիպումը

    19:31 12 Հոկտեմբեր 2021

    Կրեմլում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

    ՌԴ նախագահը նշել է, որ անհրաժեշտ արդյունքի հասնելու տեսանկյունից անձնական հանդիպումները միշտ էլ արդյունավետ են անցնում ու հույս է հայտնել, որ այս անգամ ևս այդպես կլինի:

    «Մենք կխոսենք թե ֆորմալ, և թե ոչ ֆորմալ միջավայրում, կճաշենք, կքննարկենք ընթացիկ գործերը, կխոսենք հեռանկարների մասին: Շուտով մեզ մոտ ԱՊՀ գագաթնաժողովն է, կցանկանայինք ձեզ հետ «համաձայնեցնել ժամացույցները» (ռուս. Сверить часы – փոխաբերական իմաստով՝ համաձայնեցնել դիրքորոշումները, քայլերը, խմբ.) նաև այդ ուղղությամբ և, բնականաբար, մեր համագործակցության հիմնական հարցերով, այդ թվում՝ այսօրվա դրությամբ և երկարաժամկետ հեռանկարում տարածաշրջանում կարգավորման հարցով: Շատ ուրախ եմ ձեզ տեսնել, բարի գալուստ»,- ասել է Պուտինը, ում խոսքերն է մեջբերել «Արմենպրես»-ը:

    ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել հրավերի համար՝ նշելով, որ սա այս տարի ՌԴ նախագահի հետ արդեն չորրորդ հանդիպումն է:

    «Կարծում եմ, նման հաճախակի հանդիպումները վկայում են մեր հարաբերությունների բարձր դինամիկայի ու մեր ռազմավարական դաշնակցային հարաբերությունների կարևորության երկուստեք ընկալման մասին: Իհարկե, ներկայումս մեր տարածաշրջանում և ամբողջ աշխարհում տեղի են ունենում դինամիկ պրոցեսներ, և շատ կարևոր է, որպեսզի դաշնակիցները հաճախ հանդիպեն, զրուցեն, ինչպես Դուք ասացիք՝ «համեմատեն ժամացույցները»: Իհարկե, ցավոք առայժմ չի կարելի ասել մեր տարածաշրջանում իրավիճակի լիարժեք կայունացման մասին: Ինչպես Դուք նկատեցիք, ԼՂ հակամարտությունը մնում է չլուծված, և հասկանալի է, որ հակամարտության կարգավորման ու ընդհանրապես՝ մեր տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցում առանցքային դեր է խաղում Ռուսաստանը, որ հանդիսանում է նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր: Իհարկե, այս բոլոր հարցերը շատ կարևոր են, առանցքային հարցեր են, և ես շատ ուրախ եմ այս ամբողջ օրակարգը ձեզ հետ քննարկելու առիթի համար»,- ասել է Փաշինյանը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս