07:56:27 6°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հանրապետությունում արձանագրվել է սնկից թունավորման 16 դեպք՝ գերակշիռ մասը Լոռու մարզում

    18:08 4 Հուլիս 2022

    Ընթացիկ տարում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է սնկից թունավորման 16 դեպք՝ 27 տուժածով։ Դեպքերի գերակշիռ մասն արձանագրվել է Լոռու մարզում, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

    Սնկից թունավորումները հիմնականում առաջանում են սնկերը չտարբերակելու կամ դրանց ոչ ճիշտ մշակման հետևանքով, արդյունքում՝ թունավորում, ընդհուպ մինչև մահ: Որոշ տեսակի սնկեր սննդում կարելի է օգտագործել միայն համապատասխան խոհարարական մշակումից հետո: Իսկ թունավոր սնկերը ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել, քանի որ դրանք պարունակում են այնպիսի թունավոր նյութեր, որոնք չեն ոչնչանում խոհարարական և արտադրական մշակման ժամանակ (եփել, չորացնել, սառեցնել, մարինացնել և այլն):

    Սնկից թունավորումներից խուսափելու համար խորհուրդ է տրվում.

    սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ,

    չհավաքել սունկ ճանապարհների եզրերից,

    ուտելու և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սունկը շատ հաճախ աճում են ուտելի սնկի մոտ և կարող են արտաքին տեսքով շատ նման լինել միմյանց,

    չուտել հում սունկ,

    երեխաներին չկերակրել սնկերով,

    խորհորդ չի տրվում ստամոքս-աղիքային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց սննդում օգտագործել սունկ,

    սնկի հետ չօգտագործել ալկոհոլ,

    թարմ սնկերը 1 օրից ավել չպահել նույնիսկ սառնարանային պայմաններում,

    չզբաղվել ինքնաբուժությամբ։

    Սնկից առաջացած թունավորումներն ունենում են սուր ընթացք: Հիվանդության առաջին նշանները կարող են ի հայտ գալ 15 րոպեից մինչև 72 ժամվա ընթացքում: Կլինիկական հիմնական ախտանշաններն են որովայնի կտրուկ ցավը, սրտխառնոցը, անընդհատ փսխումները, առատ քրտնարտադրությունը, թքահոսությունը, գլխապտույտը, գլխացավը, անհագ ծարավի զգացումը, հալյուցինացիաները` առանց քնկոտության, ցնորքը, գիտակցության կորուստը, դեմքի կարմրությունը, սրտխփոցը, վախի զգացումը, լյարդի ախտահարման արդյունքում` մեծացած և ցավոտ լյարդը, դեղնուկը, լյարդային կոման, երիկամների ախտահարումը: Առաջին նշանների ի հայտ գալուն պես անմիջապես պետք է դիմել բժշկի:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս