19:32:29 20°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մենք չենք համակերպվում, որ այսօր թշնամին Հայաստանի ինքնիշխան տարածքում է․ Առուշ Առուշանյանի ուղերձը

    13:05 21 Սեպտեմբեր 2022

    ՀՀ Անկախության տոնի առթիվ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ուղերձ է հղել․

    «Սիրելի՛ հայրենակիցներ

    1991 թվականի սեպտեմբերի 21-ին ընտրեցինք անկախության ճանապարհը և իրականացրինք մեր պապերի ու հայրերի դարավոր երազանքը․ ունենալ անկախ պետություն: Նվաճեցինք մեր պատմական հայրենիքի մի փոքր հատվածի վրա ազատ ու անկախ ապրելու իրավունքը: Անկախության համար չափազանց թանկ գին ենք վճարել և դեռ շարունակում ենք վճարել։ 

    Նորօրյա պատմությունը կերտվում է մեր եղբայրների արյան գնով։ Ցավով արձանագրենք, որ Հայաստանի անկախության և ինքնիշխանության դեմ մարտահրավերները երբևէ այսքան սպառնալից չեն եղել, որքան այսօր: Այս գործընթացը կարող է անկասելի դառնալ, եթե մենք միասնաբար չկանգնեցնենք այն: Համայն հայության ջանքերն ու նպատակները պետք է ուղղված լինեն Հայաստանի ու Արցախի անվտանգության ամրապնդելուն, հայրենիքի հզորացմանը: Մենք չենք համակերպվում Արցախի վիրավոր լինելու հետ, բերդաքաղաքի կորստի հետ։ 

    Չենք համակերպվում, որ այսօր թշնամին Հայաստանի ինքնիշխան տարածքում է։ Վստահ եմ, որ դեռ կկարողանանք հետ բերել ամբողջական Արցախը, մեր կորուստները, Հայաստանի ինքնիշխանությունը եւ մեր ժողովրդի արժանապատվությունը: Մենք մեզ բաժին հասած պատմության էջը անարժան կերպով փակելու բարոյական իրավունք չունենք։ Մեր բոլորի մտքում միայն պիտի լինի հաղթական հայրենիքի գաղափարը։

    Սիրելի՛ հայրենակիցներ, ամուր կամք, ուժ և խիզախություն բոլորիս»։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս