13:23:55 4°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՀՀ տնտեսական ակտիվության 11,8% աճն ունի էական ռիսկեր. բախվելու ենք էական դժվարությունների. Վարդան Արամյան

    15:05 27 Հուլիս 2022

    Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ կարծիք հայտնելով, որ երկարաժամկետում ՌԴ տնտեսությունը տեխնոլոգիական լուրջ հետնահանջ է ունենալու և կորցնելու է տնտեսական պոտենցիալը։

    Նա, մասնավորապես, նշել է. «Արժույթի Միջազգային Հիմնադրամը երեկ հրապարակեց Գլոբալ Տնտեսության Հեռանկարների հուլիսյան կանխատեսումները։ "Մռայլ և ավելի անորոշ - Gloomy and More Uncertain", ահա այսպես է կոչել նոր տնտեսական իրավիճակը, որի ներքո տնտեսական աճի իր կանխատեսումները վատացրել է՝ ապրիլյան կանխատեսումների համեմատ։ Ընդ որում ԱՄՀ-ն կարծում է, որ 2023թ-ը ավելի թույլ տարի է լինելու՝ հիմանակնում պայմանավորված ներկայիս գործոնների լագային էֆեկտով (Չինաստանում կովիդ-ի համավարակ, անշարժ գույքի շուկայի խնդիրներ և տնտեսության թուլություններ, տրասպորտային խնդիրներ, էներգակիրների դեֆիցինտ և գների աճ, բարձր գնաճ և այլն) և հատկապես աշխարհի ԿԲ-ների տոկոսադրույքների ագրեսիվ աճերի արդյունքում։

     

    Այսպես՝ աշխարհի տնտեսական աճը 2022 և 2023թթ-ին վատացրել է -0,4 և -0,7 տոկոսային կետերով, սահմանելով 3,2% և 2,9%: ԱՄՆ, Եվրոպա և Չինաստանի տնտեսություններում կանխատեսումների պատկերը հետևյալն է՝

    ԱՄՆ - 2022-ին 2,3%, 2023-ին 1,0%, վատթարացումները համապատասխանաբար -1,4 և -1,3 տոկոսային կետ

    ԵՄ - 2022-ին 2,6%, 2023-ին 1,2%, վատթարացումները համապատասխանաբար -0,2 և -1,1 տոկոսային կետ

    Չինաստան - 2022-ին 3,3%, 2023-ին 4,6%, վատթարացումները համապատասխանաբար -1,1 և -0,5 տոկոսային կետ

    Հետաքրքրական է, որ ՌԴ-ի տնտեսական աճի կանխատեսումները 2022թ-ի համար բարելավել է, սակայն վատացրել 2023թ-ի համար

    ՌԴ - 2022-ին -6,0%, 2023-ին -3,5%, բարելավումը համապատասխանաբար 2,5 տոկոսային կետ և վատթարացումը -1,2 տոկոսային կետ։

    Փաստացի ՌԴ տնտեսության համար կուտակային երկու տարիների համար աճը բարելավել է և սա հերթական փաստարկն է լինելու Եվրոատլանտիկ բլոկի կողմից կիրառվող սանկցիաների ջատագովների օպոնենտների համար, որ սանկցիաները ցանկալի արդյունք չեն տալիս․ փաստացի ավելի շատ վնասում են Եվրոատլանտիկ բլոկի տնտեսություններին քան ՌԴ-ին։

    Ինքս կարծում եմ որ կարճաժամկետում թերևս կարելի է դա ասել (թեև ամեն դեպքում ՌԴ-ում անկում է կանխատեսում ԱՄՀ-ն), սակայն երկարաժամկետում ՌԴ տնտեսությունը տեխնոլոգիական լուրջ հետնահանջ է ունենալու և կորցնելու է տնտեսական պոտենցիալ։

    Ինչ վերաբաբերում է Հայաստանին, ապա գլոբալ զարգացումները և այս կանխատեսումներն ամրացնում են իմ այն փաստարկները, որ ներկայիս տնտեսական ակտիվության 11,8% աճն իր մեջ ունի էական ռիսկեր. Այն հիմնականում արտածին գործոնների՝ այցելուների աճի և ֆինանսական ներհոսքի արդյունք է, և երբ դրանք թուլանան կամ կանգ առնեն, մեր տնտեսությունը բախվելու է էական դժվարությունների հետ։ Ե՞րբ է դա լինելու դժվար է ասել (6 ամիս, 1 կամ 1,5 տարի հետո), քանի որ այն ուղղակի առնչվում է աշխարհաքաղաքական զարգացումների հետ, բայց որ ունենք պահանջարկով քաշվող տնտեսական աճ դա փաստ է, որը վտանգավոր է։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս