02:53:32 11°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Երևանում անցկացվում է հնդկական ֆիլմերի փառատոն՝ նվիրված Ռաջ Կապուրի 100-ամյակին

    12:03 10 Փետրվար 2025

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկա է եղել հնդկական և համաշխարհային կինոյի աստղ Ռաջ Կապուրի 100-ամյակի շրջանակում կայացած հնդկական ֆիլմերի փառատոնի բացմանը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

     

    Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան։

     

    Ողջունելով ներկաներին և կարևորելով Հայաստանի և Հնդկաստանի միջև բազմակողմ համագործակցությունը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ Հայաստանում հնդկական կինոյի օրերի անցկացումն արդեն դարձել է բարի ավանդույթ։

     

    «Ռաջ Կապուրը մեծ կինոժառանգություն է թողել՝ հանդիսատեսին փոխանցելով նաև ժամանակի ոգին։ Նրա արվեստն աչքի է ընկնում մարդասիրությամբ, նրա կերպարները ներկայացնում են հասարակ ժողովրդի պատմությունը, ցավը, ուրախությունն ու հույսերը։ Ռաջ Կապուրի ֆիլմերը յուրահատուկ գույն են ավելացնում Հնդկաստանի մշակութային խճանկարին և դարձել են հնդկական կինոյի խորհրդանիշերը՝ միաժամանակ հարստացնելով նաև համաշխարհային կինեմատոգրաֆիայի գանձարանը:

     

    Նրա կինոն շարունակում է հուզել մարդկանց սրտերը, իսկ նրա դավանած գաղափարները շարունակում են ուղենիշ լինել շատերիս համար։ Նրա ֆիլմերը հանդիսատեսն այսօր ևս դիտում է սիրով, որը փաստում է՝ կինոն կարևոր գործիք է համամարդկային գաղափարներ տարածելու և մարդկանց կրթելու համար»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

     

    Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ փառատոնը նաև հիմք կհանդիսանա երկու երկրների կինոգործիչների միջև համագործակցությունը խորացնելու և համատեղ ֆիլմեր ստեղծելու համար:

     

    Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության դեսպանությանը ի դեմս՝ դեսպան Նիլակշի Սահա Սինհայի, նախաձեռնության համար և վերահաստատել ԿԳՄՍՆ պատրաստակամությունը տարբեր ոլորտներում համատեղ ծրագրեր իրականացնելու գործում։

     

     Նշենք, որ փառատոնի շրջանակում տեղի է ունեցել նաև Ռաջ Կապուրի գործունեությանը նվիրված լուսանկարների ցուցահանդես։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս