08:33:29 4°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Քննարկվել են Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների նախապատրաստական աշխատանքները

    19:53 7 Փետրվար 2023

    Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել վերոնշյալ հանձնաժողովի առաջին նիստը:

    Արայիկ Հարությունյանը ողջունել է նիստի մասնակիցներին՝ ընդգծելով Շառլ Ազնավուրի հոբելյանն ամենաբարձր մակարդակով կազմակերպելու կարևորությունը: Հոբելյանական միջոցառումները տեղի են ունենալու 2024 թվականին:

    Հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել են աշխարհահռչակ շանսոնյեի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների նախապատրաստական աշխատանքները, ներկայացվել են տարբեր առաջարկություններ: Մտքեր են փոխանակվել նաև միջոցառումների ձևաչափերին ու ժամանակացույցին առնչվող մի շարք հարցերի շուրջ:

    Ծրագրի շրջանակում նախատեսվում են մի շարք միջոցառումներ մայրաքաղաքում և մարզերում, մասնավորապես՝ համերգներ, գիտաժողով, ֆիլմերի ցուցադրություն, փոստային նամականիշների մարում, ձայնագրություններ:

    Շառլ Ազնավուրի որդին, «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը նման հանձնաժողով ստեղծելու համար և նշել.

    ««Ազնավուր» հիմնադրամի առաքելության հիմնական ուղղություններից մեկը Շառլ Ազնավուրի մշակութային ժառանգության պահպանումն ու տարածումն է, ինչպես նաև այն բարեգործական, հումանիտար արժեքների, որոնք նա կրում էր: Այդ համատեքստում Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումներին նախապատրաստվելը մեզ համար բացառիկ կարևոր աշխատանքային ուղղություն է»:

    Արայիկ Հարությունյանն անդրադարձել է Շառլ Ազնավուրի հոբելյանական տարին պատշաճ մակարդակով կազմակերպելու կարևորությանը և այդ համատեքստում ընդգծել շահագրգիռ գերատեսչությունների, համապատասխան կառույցների արդյունավետ աշխատանքի անհրաժեշտությունը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս