08:47:18 11°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Արմեն Չարչյանի մոտ զարգացել է թոքաբորբ, ստանում է 100-ից ավելի ինսուլինի չափաբաժին․ Արամ Վարդևանյան

    14:06 15 Սեպտեմբեր 2021

    Բժշկական նորմատիվների համաձայն՝ 60-ից բարձր ինսուլինային չափաբաժինը արդեն իսկ ենթադրում է կրիտիկական վիճակ, իսկ Արմեն Չարչյանը այս պահի դրությամբ ստանում է 100-ից բարձր ինսուլինային բաժին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը, ով տեսակցել է նույն դաշինքի պատգամավոր Արմեն Չարչյանին։ Նա տեղակցրեց, որ Չարչյանի մոտ զարգացել է թոքաբորբ։

    «Վիճակը, եթե ես իմ աչքով համեմատական տանեմ, ակնհայտ է, որ ինտեսիվ բժշկական հսկողության տակ գտնվելը որոշակի կայունացման հանգեցրել է, բայց թոքաբորբի պայմանը, ինսուլինի նման միավորը իսկապես ծայրահեղ վիճակ է առաջացնում»,-ասաց նա և նշեց, որ Արմեն Չարչյանը դժվար է խոսում։

    «Իր կամքը, իհարկե, տեղն է, բայց նման պայմաններում կալանավորումը դեռևս որպես խափանման միջոց պահելը խոշտանգում է, մարդասիրական ցանկացած արժեքի ոչնչացում է»,-ասաց նա և նշեց, որ քաղաքական բաղադրիչի վրա է կառուցված այս հետպնդումը։

    Ըստ նրա՝ եթե Արմեն Չարչյանը ավելի շուտ տեղափոխված լիներ մասնավոր հիվանդանոց, գուցե վիճակը ավելի լավ լիներ։

    Արմեն Չարչյանի պաշտպան էրիկ Ալեքսանյանն ասաց, որ հրատապ նիստ հրավիրելու առումով  դատարանից որևէ լուր չունեն. դատավորը գտնվում է արձակուրդում և վերադառնալու է սեպտեմբերի 22-ին։

    «Հույս ունենք, որ արձակուրդից վերադառնալուց հետո հրատապ նիստ կհրավիրվի, որպեսզի քննարկվի խափանման միջոցի հրատապության հարցը»,-ասաց նա և նշեց, որ հերթական նիստը նախատեսված է հոկտեմբերի 1-ին։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս