01:44:28 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Էյր Արաբիան» և ՀՀ կառավարությունը ներդնում են 10-ական մլն դոլար և հիմնադրում հայկական ազգային ավիափոխադրող. Փաշինյան

    13:48 14 Հոկտեմբեր 2021

    Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 14-ի ննիստում որոշեց «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում նորաստեղծ ավիաընկերության բաժնետոմսերի դիմաց վճարման նպատակով ներդնել մոտ 4,733 մլրդ ՀՀ դրամ` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը՝ լրացուցիչ հասարակ (սովորական) բաժնետոմսեր թողարկելու և Հայաստանի Հանրապետության օգտին տեղաբաշխելու միջոցով:

    Ըստ այդմ, նշվեց, որ 2021-ի հուլիսի 14-ին «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» և Էյր Արաբիա (Air Arabia) ընկերությանն ամբողջությամբ պատկանող ընկերության միջև կնքվել է պայմանագիր, որով կողմերը պարտավորվել են Հայաստանում ստեղծել ազգային ավիաընկերություն:

     

    Այս ընկերությունում բաժնեմասնակցության համար «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ պարտավորվել է բաժնետոմսերի դիմաց վճարել 4,733,720,000  դրամ, իսկ «Էյր Արաբիա» ընկերությանը պատկանող ընկերությունը նույնպես ներդրումն իրականացնելու է իր բաժնեմասնակցության համապատասխան դրամական միջոցներով:

    Ավիաընկերության կառավարումն իրականացնելու է Էյր Արաբիան, որը հանդիսանում է Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի առաջին և ամենամեծ բյուջետային ավիափոխադրող:

    ՀՀ պետական հետաքրքրությունների ֆոնդի ղեկավար Դավիթ Փափազյանը ներկայացնելով նախագիծը՝ նշե. «Մենք պարզապես ավիաընկերություն չենք գրանցում, որը կարող էր տեսականորեն դառնալ վերջին 20-25 տարիների ընթացքում նման փորձերից մեկը: Այս ծրագրով մենք ստեղծում ենք ազգային մրցունակ ավիափոխադրող, որն ի սկզբանե ունի մրցակցային առավելություն, որն «Էյր Արաբիա» ընկերության մոդելի մոտ 20 տարվա դրական փորձն է»:

    Նրա խոսքով՝ ստացել են առավելագույն կենսունակ մոդել: «Սա մեզ առաջին անգամ հնարավորություն է տալիս ունենալ երկարաժամկետ մրցունակ և կենսունակ ռազմավարության վրա հիմնված ազգային ավիափոխադրող: Ծրագիրը կենսունակ է, քանի որ իր հետ բերում է փորձարկված, հաջողված մոդել, պրոֆեսիոնալ կառավարում և երկարաժամկետ ռազմավարություն մշակելու փորձ: Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի առաջին և ամենամեծ բյուջետային ավիափոխադրողի հետ համատեղ ընկերության ստեղծումը նաև ներդրումային մրցակցության տեսանկյունից մեծ նշանակություն ունի»,-ասաց Փափազյանը:

    Ըստ նրա՝ այս մակարդակի գործընկերոջ հետ համատեղ հաջողված ծրագիրը ավիափոխադրության ոլորտի բարդ ոլորտում ծառայելու է նաև մի քանի այլ վերափոխման մեգանպատակների, մասնավորապես՝ նպաստելու է ՀՀ-ն գործարարների համար գրավիչ, ներդրումների համար՝ ապահով երկիր դարձնելուն, և Հայաստանի՝ ցանկալի ու հուսալի գործընկեր ընկալվելուն: Փափազյանը նաեւ հավելեց, որ այս ընկերությունը չի ունենալու ոչ մի բիզնես արտոնություն:

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ դեռևս 2018-ին իրենք կարևորել են ՀՀ-ում հայկական ավիաընկերությունների ստեղծման և զարգացման նպատակը, և այդ առումով Կառավարությունը որոշակի դերակատարում պետք է ունենա:

    «Այս որոշումն արտահայտում է ՀՀ կառավարության՝ հայկական ավիաընկերություն ունենալու քաղաքական կամքը, ինչը չի նշանակում, թե ՀՀ-ում այլ հայկական ավիաընկերություններ չպետք է և չեն կարող լինել: Տվյալ դեպքում, ՀՀ կառավարությունը, պայմանավորվածություն ունենալով «Էյր Արաբիա» ընկերության (դուստր ընկերության) հետ, հետևյալ գործողությունն է անում՝ յուրաքանչյուրը ներդնում են 10 մլն դոլար: «Էյր Արաբիա» ընկերությանը, որ փորձառություն ունի ավիաընկերություն ստեղծելու և զարգացնելու, մենք հրավիրում ենք մեզ հետ համատեղ հիմնադրել ու կառավարել ավիաընկերություն, որը կկոչվի «Արնա»:

    Փաշինյանն ընդգծեց՝ ստեղծվող ավիաընկերությունը ոչ մի արտոնություն չի ունենալու և գործելու է մրցակցային հավասար դաշտում: Նրա խոսքով՝ պետք է ամեն ինչ անեն, որ 2022-ի գարնանից ավիաընկերությունը կանոնավոր չվերթներ իրականացնի:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս