19:07:30 -2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Կրթությունն է անվտանգության երաշխիքը. Դումանյանը՝ ԵՊՀ-ի 1-ին կուրսեցիների երդմանը

    15:29 17 Սեպտեմբեր 2021

    Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի բակում տեղի է ունեցել 15 տարի շարունակ ավանդաբար կազմակերպվող ԵՊՀ մեծարման և առաջինկուրսեցիների երդման հանդիսավոր արարողությունը: Այս տարի միջոցառումը նվիրված էր ՀՀ անկախության 30-ամյակին։

    ԿԳՄՍՆ-ն հայտնում է, որ միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ։

    Նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորել է առաջինկուրսեցիներին՝ հատկապես առանձնացնելով զորակոչված ուսանողներին, ողջունել համալսարանականներին՝ ընդգծելով.

    «Այսօր հաճախ ենք խոսում անվտանգության կարևորությունից։ Ուզում եմ փաստել, որ անվտանգության հզոր միջոցը կրթությունն է, որը ձևավորում է ճիշտ մտածողություն՝ ճիշտ որոշումներով»։

    Վահրամ Դումանյանը կոչ է արել ուսանողներին շարունակել կրթությամբ զարգացնել անվտանգությունը։ «Մաղթում եմ, որ ձեր մասնաբաժինն ունենաք համալսարանի պատմության մեջ»,- եզրափակել է նախարարը:

    Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը ևս շնորհավորել է առաջինկուրսեցիներին համալսարանական դառնալու կապակցությամբ: Հովհաննես Հովհաննիսյանն ընդգծել է համալսարանականների հաջողության նախապայմանները՝ քննական միտք, վերլուծական կարողություններ ու նախաձեռնողականություն, և հորդորել է ուսանողներին պահպանել այդ սկզբունքները, տեր լինել իրավունքներին և կատարել համալսարանականի պարտականությունները:

    Երեկոն ամբողջացել է առաջինկուրսեցիների երդման արարողությամբ և երաժշտական, պարային խմբերի համերգային կատարումներով։ Առաջինկուրսեցիները երդվել են սիրել մայր բուհը և արժանի լինել «Երևանի պետական համալսարանի ուսանող» բարձր կոչմանը, ծառայել և հնարավորինս նպաստել երկրի առաջընթացին:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ