12:14:35 -3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Սահմանագծումից ու սահմանազատումից հետո էլ չկա երաշխիք, որ խաղաղ կլինի. Հայաստանին մնում է ուժեղանալ

    22:57 25 Նոյեմբեր 2021

    «Մենք ցանկացած հանդիպում կարևորում ենք, որովհետև երկխոսությունը գերադասում ենք պատերազմական գործողություններից»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով նոյեմբերի 26-ին կայանալիք Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպմանը։

    Արցախի ԱԳ նախարարի կարծիքով՝ հանդիպման հիմնական շեշտադրումը կլինի խաղաղության և կայունության պահպանումը։

    Հարցին, թե եթե Փաշինյանը հայտարարում է, որ հայկական կողմի համար ընդունելի են սահմանագծման ու սահմանազատման վերաբերյալ ՌԴ-ի առաջարկները, հնարավո՞ր է, որ հանդիպման ժամանակ այդ գործընթացների մեկնարկի մասին փաստաթուղթ ստորագրվի, Դավիթ Բաբայանը պատասխանել է.

    «Չի բացառվում, որ ստեղծվեն ինչ-որ հանձնաժողովներ, բայց պետք է հասկանալ, որ սահմանազատման գործընթացը բավականին բարդ է և երկարատև։ Դա կարող է տարիներ տևել»։

    Բաբայանի խոսքով՝ որևէ երաշխիք չկա, որ գործընթացի ժամանակ սահմանային լարվածություններ չեն լինի, քանի որ Ադրբեջանն իր պարտականությունները չի կատարում։

    «Անընդհատ սադրանքներ են լինում, և պետք է դրանց էլ պատրաստ լինենք։ Ընդհանրապես պետք է հասկանանք, որ Ադրբեջանը նման գործելաոճից չի հրաժարվելու»,- ասել է նա։

    Դավիթ Բաբայանը հիշեցրել է, որ արցախյան առաջին պատերազմից մինչև ապրիլյան պատերազմն ընկած ժամանակահատվածում էլ Ադրբեջանն անընդհատ տարբեր սադրանքների է դիմել, դրանից հետո էլ սադրանքներով է հասել նոր պատերազմին։

    «Չեն հարգել զինադադարի ռեժիմի պայմանագիրը, որևէ ձևով չեն ընդառաջել, հիմա ինչու՞ պետք է փոխվեն, առավել ևս՝ հիմա, երբ իրենց զգում են որպես անպարտ մի ուժ»,-նշել է նախարարը։

    Դավիթ Բաբայանն ընդգծել է, որ հայկական կողմը ստեղծված իրավիճակում պետք է ճիշտ քաղաքականություն վարի՝ դիվանագիտական, աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական ․ սահմանագծման ու սահմանազատման գործընթացի ավարտից հետո ևս չի կարող լինել երաշխիք, որ խաղաղ կլինի, և թշնամին այլևս սադրանքների չի դիմի։

    «Հայաստանին մնում է ուժեղանալ, դուրս գալ այս ծանր վիճակից, ճիշտ աշխարհաքաղաքականություն վարել, ուրիշ ոչ մի տարբերակ չկա»,-հավելել է նա։  

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ