22:10:15 11°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Եթե դուք ջազ եք լսում, ինչի եք ժողովրդին ռաբիզով կերակրում․ Գուրգեն Վարդանյան

    09:07 25 Հունվար 2022

    Եթե դուք ջազ էք լսում, ինչի էք ժողովրդին ռաբիզով կերակրում։

    Խոսքս ուզում եմ ուղղել ՀՀ բոլոր ժամանակների կրթության եւ գիտության նախարարներին` Լևոն Մկրտչյան, Սերգո Երիցյան, Արմեն Աշոտյան, Արայիկ Հարությունյան։ Ազնիվ կլինի այս ցուցակին միացնել նաեւ մշակույթի նախարարներին` Հասմիկ Պողոսյան, Արմեն Ամիրյան, Մակունց... (ում անունը չնշեցի, խնդրում եմ ինձ ներել. մարդ եմ, ծերանում եմ, հիշողությունս էլ առաջվանը չի)։

    Մեծապատիվ տիկնայք եւ պարոնայք, ձեզ կարելի է մեղադրել բազմաթիվ թերությունների մեջ, բայց ձեզանից որևէ մեկին հնարավոր չէ մեղադրել ցածր ինտելեկտի կամ անմակարդակության մեջ։

    Հարգելի 《էլիտա》վստահ եմ, որ դուք, ձեր երեխաները, ձեր ընտանիքի անդամները, ձեր ընկերական շրջապատը 《Կիսաբաց լուսամուտներ》կամ 《Դժբախտ երջանկություն》 չեք նայում։ Վստահ եմ, որ դուք թույլ չեք տա, որ ձեր երեխաները կերակրվեն, այնպիսի ինֆորմացիոն աղբով, ինչպիսին են 《հայկական սերիալները》, նաեւ վստահ եմ, որ դուք այնքան տգետ չեք, որ չհասկանաք երեխայի ձեւավորվող աշխարհընկալման վրա նմանատիպ հեռուստապրոդուկտի բացասական ազդեցության աստիճանը։ Իսկ այդ դեպքում ձեր պաշտոնավարման տարիներին ի՞նչ եք արել` որպես երկրի կրթական 《էլիտա》, որպեսզի սերունդներին փրկեք այդ պիղծ ինֆորմացիոն ազդեցությունից։

    Այո, դուք ոչինչ չեք արել. Դուք հանդուրժել եք դա և արդարացել, որ դա ձեր ուղիղ պարտականությունների մեջ չի մտնում։ Բայց ինչպե՞ս չի մտնում, եթե պետությունը ձեզ օժտել է ամբողջ ազգի երեխաների կրթությունը և դաստիարակութունը կազմակերպելու պարտականությամբ, եթե դուք այդ ինֆորմացիոն աղբը վնասակար եք համարում ձեր երեխաների համար, ինչո՞ւ եք դա ընդունելի համարել ազգի երեխաների համար։

    Նշված նախկին պաշտոնյաներից շատերը այսօր ժողովրդին մեղադրում են անհայրենասեր և անարժեք լինելու մեջ, իսկ հայկական սերիալներով ձևավորված աշխարհընկալումով քաղաքացին կարո՞ղ է հայրենասեր լինել։

    Դուք թույլ եք տվել, որ հայ ժողովրդին տարիներով դեգրադացնեն, հիմա զարմանում եք, թե ինչպես հասանք այս վիճակին։

    Արդարության միջավայրում դաստիարակված, հայրենասեր, կիրթ, արժանապատիվ, լայնախոհ, խորը արժեքային համակարգով սերունդը ավելի կարևոր է ազգային անվտանգության համար, քան հարյուրավոր տանկերը և հրետանի։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս