12:28:41 17°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Թեկնածու. Հայաստանին այս անգամ հաջողվեց խուսափել կապիտալի արտահոսքից եւ ֆինանսական շուկայի ցնցումներից

    12:59 18 Հունվար 2022

    Ի տարբերություն Հայաստանի պատմության մեջ գրանցված այլ ճգնաժամների՝ այս անգամ հնարավոր եղավ խուսափել իրադարձությունների ծայրահեղ բացասական զարգացումից։ Այս մասին հունվարի 18-ին ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի ընտրության հարցի քննարկման ժամանակ Ազգային ժողովի նիստում հայտարարեց թափուր պաշտոնի միակ թեկնածու Հովհաննես Խաչատրյանը։

    Նրա թեկնածությունը «Քաղաքացիական պայմանագրի» նախաձեռնությամբ ավելի վաղ պաշտպանել էր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը։ Խաչատրյանի կենսագրությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ից պատգամավոր Գեւորգ Պապոյանը։ 

    Իր հերթին, Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց իշխող խմբակցությանն իրեն առաջադրելու համար։ Ապա հայտարարեց, որ 2020 թվականի երկրորդ կեսը դժվար էր Հայաստանի եւ Արցախի համար։ «Ներքին եւ արտաքին անկայունության տարրերը պահպանվել են մինչեւ 2021 թվականի կեսերը։ Միաժամանակ, 2021 թվականի երկրորդ եռամսյակից դրանց գումարվել է աշխարհում աննախադեպ բարձր գնաճը։ Մասնավորապես, զգալիորեն աճել են էներգակիրների եւ սննդամթերքի գները»,-շեշտեց թեկնածուն։

    Նա նաեւ նշեց, որ ներկայումս ԱՄՆ-ում գնաճը հասել է 6,8 տոկոսի, եվրագոտում՝ 5 տոկոսի, իսկ Ռուսաստանում՝ 8,4 տոկոսի։ «Հայաստանում որոշակի ռիսկեր կան նաեւ գների եւ ֆինանսական կայունության առումով։ Համաճարակի տարածման սկզբնական փուլում ՀՀ Կենտրոնական բանկը մեղմել է դրամավարկային պայմանները՝ նվազեցնելով տոկոսադրույքները 1,25 տոկոսային կետով եւ ապահովելով անսահմանափակ իրացվելիություն՝ նվազեցված պահանջարկը վերականգնելու համար»,-ասաց Խաչատրյանը։

    Նա նաեւ վստահեցրեց, որ ի տարբերություն Հայաստանի պատմության մեջ տեղի ունեցած այլ ճգնաժամների՝ այս անգամ հնարավոր է եղել խուսափել իրադարձությունների ծայրահեղ բացասական զարգացումից։ «Կապիտալների արտահոսքի, ֆինանսական շուկայի ցնցումների եւ գնաճային սպասումների դեպքեր չեն եղել»,-նկատեց թեկնածուն։

    Հիշեցնենք, որ դեկտեմբերի վերջին Հայաստանում 12-ամսյա գնաճը կազմել է 7,7 տոկոս։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս