10:56:05 -3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Խաչատուր Սուքիասյանը պետք է պատասխանատվություն կրի ՀՀ երրորդ նախագահի հասցեին արված արտահայտությունների համար․ դատաքննության ընթացքում իրավական հիմնավորումները կներկայացնենք․ Սերժ Սարգսյանի պաշտպան

    14:00 24 Նոյեմբեր 2021

    Մենք կարծում ենք, որ Խաչատուր Սուքիասյանը պետք է պատասխանատվություն կրի իր արտահայտությունների համար, կարծում ենք, որ նման պահանջ ներկայացնելու իրավունք ունենք, և դատաքննության ընթացքում մեր իրավական հիմնավորումները կներկայացնենք։ Այս մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդդեմ ԱԺ  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի գործով դատական նիստին հայտարարեց Սարգսյանի պաշտպաններից Վահագն Գրիգորյանը։

    Խաչատուր Սուքիասյանի պաշտպան Աննա Տոնոյանը հայտարարեց, թե Սուքիասյանի հայտարարությունները եղել են գնահատողական դատողություններ:

    Ըստ Տոնոյանի՝ Սուքիասյանի հայտարարությունը չի կարող հանգեցնել պատասխանատվության, ինչի հիմքով էլ պաշտպանը խնդրեց դատարանին հայցը մերժել:

    «Խաչատուր Սուքիասյանի արտահայտությունը Սերժ Սարգսյանին չի մեղադրում որևէ հանցանքի կամ զանցանքի կատարման մեջ»,-ասաց Աննա Տոնոյանը։

    Սերժ Սարգսյանի փաստաբան Վահագն Գրիգորյանը հայտարարեց, թե Խաչատուր Սուքիասյանը պետք է պատասխանատվություն կրի իր արտահայտությունների համար: Գրիգորյանի դիտարկմամբ՝ Սուքիասյանի հայտարարությունների մի մասը հակասում է այն դիրքորոշմանը, որն այսօր ներկայացրեց նրա ներկայացուցիչը:

    «Իր պատասխանում կան իրար հակասող մտքեր»,-նշեց նա։

    Սերժ Սարգսյանի մյուս պաշտպան Ամրամ Մակինյանը հարց ուղղեց Սուքիասյանի ներկայացուցչին, թե արդյո՞ք պատգամավորը պատրաստվում է ապացուցել, որ Սերժ Սարգսյանը «100 միլիոն դոլարից ավելի գումար է «կրվել» «կազինոներում»», ինչին ի պատասխան՝ Սուքիասյանի ներկայացուցիչն ասաց՝ իրենք իրենց ապացույցները կներկայացնեն միայն այն ժամանակ, երբ դատարանը բաշխի ապացուցման պարտականությունները:

    Մակինյանը ևս մեկ հարց ուղղեց․ «Կարո՞ղ ենք ընդունել ի գիտություն, որ Խաչատուր Սուքիասյանը ցանկանում է հրապարակային կերպով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին արված իր հայտարարությունն ապացուցելու պարտականությունից ազատվել այն հիմքով, որ Ձեր կողմից ներկայացված հայցադիմումի պատասխանում դրանք ներկայացվել են որպես գնահատողական դատողություններ և որպես խոսքի ազատության դրսևորում»։

    Սուքիասյանի ներկայացուցիչն արձագանքեց, որ ապացուցման բեռը բաշխված չէ, երբ կլինի նման պարտականություն, կորոշեն՝ ապացուցե՞լ, թե՞ ոչ։

    Սարգսյանի փաստաբան Վահագն Գրիգորյանը միջնորդեց հետաձգել այսօրվա նիստը՝ ԵՊՀ-ում դասախոսություն ունենալու հիմնավորմամբ։ Միջնորդությունն ընդունվեց։

    Դատական հաջորդ նիստը կկայանա 2022-ի հունվարի 17-ին`ժամը 11:30-ին:

    Հիշեցնենք՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանից պահանջում է հերքել իր պատիվն ու բարի համբավն արատավորող հայտարարությունները։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Հասարակություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ