16:56:00 17°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Փաշինյանն Ալիևին է ասում է՝ ո՞րն է Հայաստանի այն քարտեզը, որը պատրաստ եք ճանաչել, ոնց որ ժամանակին Ստալինը Հիտլերին ասեր՝ ո՞րն է քո համար սովետական սահմանը, ի՞նչ տամ, որ չհարձակվես. Շարմազանով

    23:26 23 Սեպտեմբեր 2022

    Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ում իր ելույթով պաշտոնապես հրաժարվեց Արցախից, չխոսեց Արցախի ինքնորոշման ու անկախության մասին, ավելին՝ Արցախի ինքնորոշման իրավունքը, որը հիմնարար սկզբունք է և ընդունված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երեք երկրների կողմից, ինքը, փաստացի, մերժեց: Ելույթ չկար այնտեղ, խայտառակություն էր:Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Փաշինյանի՝ ՄԱԿ-ում ունեցած երեկվա ելույթը:

    «Նիկոլ Փաշինյանն արդեն առաջարկ է անում ոչ թե միջազգային հանրությանը, այլ՝ Ալիևին, նրան ասում է՝ ո՞րն է Հայաստանի այն քարտեզը, որով պատրաստ եք ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, պատկերացնո՞ւմ եք նման բան, ոնց որ ժամանակին Ստալինը Հիտլերին ասեր՝ ո՞րն է քո համար սովետական սահմանը, ի՞նչ տամ, ի՞նչ չտամ, որ չհարձակվես »,-ասաց գործիչը։

    Էդուարդ Շարմազանովն ընգծում է՝ երբ Նիկոլ Փաշինյանն անընդհատ խոսում է 29.800 քկմ-ից, դա նշանակում է, որ հանձնելու է ոչ միայն Արցախը, այլ նաև անկլավները, քանի որ նրա նշած 29.800 քկմ տարածքում անկլավները ևս չեն մտնում.

    «Ժամանակին երդվում էին, որ չեն տալու անկլավները, բայց դա էլ է տալիս: Նախկինները 42.000 ք/կմ հայրենիք էին թողել, հիմա ինքն արդեն 29.800ք/կմ-ի համար է կռիվ անում, բայց նույնիսկ Խորհրդային Հայաստանն ավելի մեծ է եղել, քան իր թողածը: Ես նաև վստահ չեմ, որ Նիկոլը Ալիևին բանավոր խոստումներ չի տվել միջանցքի մասով, ինքը չի ասում՝Սյունիքով միջանցքի հարց չի քննարկվել, ասում է՝ միջանցքի հարց նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա, իսկ Լաչինի մասին կա՞ր գրված, որ թուրքերը մտան Լաչին, ո՞նց առանց թղթի մտան Լաչին, Աղավնո,հիմա չե՞ն կարա առանց թղթի միջանցք բացեն։ Ինքն էր ասում՝ պետք է տանք այդ տարածքները, որ միջանցք չուզեն, տվեց, հիմա էլ միջանցք են ուզում»,-նկատել է ԱԺ նախկին փոխխոսնակը:

    Զրուցակիցը հավելում է՝ Փաշինյանը նաև իր ելույթով հստակ ցույց տվեց, որ իր խաղաղության օրակարգը տապալված է, այլևս չկա, իսկ Ադրբեջանը նոր պատերազմի է պատրաստվում:

    Նշենք, որ այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպել էր նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի հետ, իսկ Արարատ Միրզոյանն էլ կարճատև զրույց էր ունեցել ԱՄՆ նախագահ Բայդենի հետ:

    Էդուարդ Շարմազանովը կարծում է՝ սրանք Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխությանն ուղղված քայլեր են, ինչը ծանր հետևանքներ է ունենալու նման իրավիճակում.

    «4 տարի է՝ ասում եմ , որ Նիկոլ Փաշինյանը և իր աշխարհաքաղաքական անգլոսաքսոնական հովանավորները երկու նպատակ են ունեցել՝ Ղարաբաղյան հարցի պրոթուրքական լուծում, որն արդեն եղել է և Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն, որը հիմա ընթանում է: Մի շաբաթ առաջ Վլադիվաստոկում մեկ նախադասության մեջ Պուտինին 9 անգամ «Спасибо » էր ասում, ասում էր՝ տպավորված եմ քո օպերատիությամբ: Այս ամենը նշանակում է՝ Արևմուտքը և ՆԱՏՕ-ն նրան հանձնարարել են կեղծ հայրենասիրական կոչերով Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորը փոխել»,-ասաց նա:

    Ստեղծված իրավիճակից ելքը, Էդ.Շարմազանովի խոսքերով, մեկն է՝ գործող իշխանության հրաժարական, ինչի համատեքստում նա կարեւորեց Վեհափառի և Հայաստանի, Արցախի նախկին բոլոր նախագահների մասնակցությամբ երեկվա հանդիպումը։

    «Մեծ սպասումներ կան այս հանդիպումներից, առաջինը հենց այդ մարդկանցից սպասումներ կան, նրանք են պետության հիմնադիր հայրերը, պետության ղեկավարները: Կառուցողական քննարկում է եղել, որոշել են առաջիկայում էլի հանդիպեն ու ստեղծված իրավիճակից ելքեր գտնեն, ամենակարևորն այն է, որ բոլոր հինգ նախագահներն էլ տեսնում են՝ այսպես ապրել չի կարելի, որ Հայաստանը գնում է գահավիժման»,-եզրափակեց Շարմազանովը;

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս